Մատչելիության հղումներ

Էդգար Ղազարյանը հանդիպում է խնդրել Փաշինյանից՝ ներկայացնելու վարչապետի հրաժարականի հիմնավորումները 


«Դիմադրություն» շարժման փողոցային պայքարից շաբաթներ անց Վայոց ձորի նախկին հանրապետական մարզպետն է վարչապետ Փաշինյանին հեռացնելու նոր շարժում նախաձեռնել։

Նախկին մարզպետ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան ու Հանրապետական կուսակցության նախկին անդամ Էդգար Ղազարյանը իր գլխավորած «Անկախություն» շարժման մեկնարկը կապել է Հայաստանի Անկախության հռչակագրի հետ։

«Մենք հիմա ունենք իրողություն, որ պետական մարմինների գործունեությունը ոչ միայն հակադրված է Անկախության հռչակագրի դրույթներին, այլ առհասարակ պետական մարմինների գործունեությունը կասկածի տակ է դնում, վտանգում է հայոց անկախ պետականությունը», - նշեց Էդգար Ղազարյանը:

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ղազարյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու երեք ուղի է առաջարկում՝ կա՛մ վարչապետն ինքն է հրաժարական տալիս, քանի որ շեղվել է իր նախընտրական խոստումներից, կա՛մ գլխավոր դատախազը հայրենիքի դավաճանության դրվագներով քրեական գործ է հարուցում և ներգրավում Փաշինյանին որպես մեղադրյալ, և երրորդ տարբերակը՝ պաշտոնանկությունը խորհրդարանում։

«Ստեղծված իրավիճակից անշուշտ առաջնահերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որը ենթադրում է կառավարության փոփոխություն, որից հետո պետք է ձևավորվի հակաճգնաժամային խնդիրները լուծող կառավարություն, և այդ կառավարությունը, լուծելով առաջնային անվտանգային մեր խնդիրները, նախապատրաստի բավարար քաղաքական միջավայր՝ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար», - ընդգծեց նա:

Ղազարյանն այսօր՝ երեկոյան կողմ հանրահավաք էր կազմակերպել Հանրապետության հրապարակում, որին հրավիրել էր նաև Փաշինյանին, ինչպես նաև հանդիպում խնդրել կառավարության ղեկավարից՝ նրան ներկայացնելու հրաժարականի հիմնավորումները։

Մոտենալով կառավարության շենքին, զրուցելով ոստիկանների հետ ու վերադառնալով՝ հանրահավաքի մասնակիցներին Էդգար Ղազարյանը հայտնեց, որ վարչապետի հետ հանդիպումը չի կայացել, քանի որ Նիկոլ Փաշինյանը «վախեցավ»։

Անդրադառնալով վարչապետին պաշտոնազրկելու իր առաջարկած երեք ուղիներին, նա նշեց, թե չգնալով հանդիպման Փաշինյանը սպառեց հրաժարականի տարբերակը։ Ուստի, մնացին մյուս երկուսը՝ կա՛մ գլխավոր դատախազը հայրենիքի դավաճանության դրվագներով քրեական գործ կհարուցի և որպես մեղադրյալ կներգրավի Փաշինյանին` ճանապարհ բացելով վարչապետի պաշտոնանկության համար, կա՛մ խորհրդարանը պաշտոնանկ կանի Նիկոլ Փաշինյանին։

XS
SM
MD
LG