Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ կուսակցական բարձր պաշտոն զբաղեցնող Կիմ Յո Չժոնը, սպառնալիքներ է հնչեցրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հասցեին:
Հարավային Կորեայի ղեկավարը Հյուսիսային Կորեային նյութական օգնություն է առաջարկել, պայմանով, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրից:
Հյուսիսային Կորեան կոպտորեն մերժել է առաջարկը: Այդ երկրի պետական մամուլի փոխանցմամբ, առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, թե «Յուն Սոկ Յոլը լավ կանի փակի բերանը և հիմարություններ դուրս չտա»:
Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների գծով միավորման նախարարությունն ափսոսանք է հայտնել Փհենյանի նմանօրինակ արձագանքի կապակցությամբ:
«Հյուսիսային Կորեայի այս մոտեցումը ոչ միայն սպառնում է Կորեական թերակղզու անվտանգությանն, այլև կարող է էլ ավելի խորացնել այդ երկրի միջազգային մեկուսացումը և վատթարացնել նրա տնտեսական վիճակը»,- ասել է Հարավային Կորեայի միավորման նախարարության խոսնակ Լի Հյո Չժենգը:
Կիմ Չեն Ընի քույրը մինչ այդ էլ է կոպիտ արտահայտվել Հարավային Կորեայի ղեկավարի մասին:
Նա պնդել է, թե, իբր, կորոնավիրուսը Հարավային Կորեայից է ներմուծվել Հյուսիսային Կորեա և ասել է, թե նման վիճակների կրկնության դեպքում Հարավային Կորեան կոչնչացվի: