Այսօր Ադրբեջանում ինքնասպանության փորձ է կատարել 44-օրյա պատերազմի մասնակիցներից ևս մեկը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Սամուխի շրջանային վարչակազմի շենքի առջև ինքնահրկիզման փորձ է կատարել 2020 թվականի պատերազմի մասնակից Թեբրիզ Աբդուլաևը։ Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ դեպքից անմիջապես հետո Աբդուլաևը ծանր վիճակում տեղափոխվել է Բաքու։
«Թուրան»-ի տեղեկություններով՝ Աբդուլաևը վերջին մեկ տարվա ընթացքում ապարդյուն կերպով փորձել է պետությունից սոցիալական օգնություն ստանալ։
Սա վերջին երկու ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցած նմանատիպ երրորդ միջադեպն է։ Հուլիսի սկզբին Շամքիրի շրջանում ինքնահրկիզման փորձ էր կատարել 44-օրյա պատերազմի մասնակից Իլհամ Հասանովը։ Նրա կյանքը, սակայն, հաջողվել էր փրկել։ Դրանից մի քանի օր անց՝ հուլիսի 11-ին Սաբիրաբադում ինքնահրկիզվել էր պատերազմի մեկ այլ մասնակից՝ Էլվին Ջաֆարովը։ Նա տեղափոխվել էր Բաքվի Այրվածքաբանության հանրապետական կենտրոն, որտեղ հաջորդ օրը մահացել էր։ Երկու դեպքում էլ նախկին զինվորականները հայտարարում էին, որ պետությունն իրենց բավարար օգնություն չի ցուցաբերում։