Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքները վերսկսվել են


Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյան
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյան

Որոնողական աշխատանքները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ նշելով՝ այս պահի դրությամբ կա16 զոհ և երկու անհայտ կորած։

Աշխատանքները գիշերը դադարեցվել էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Տարածքը 90 տոկոսով մաքրված է, ասաց փոխնախարարը՝ նշելով՝ որոշ հատվածներում այսօր էլ փրկարարական և մաքրման աշխատանքները կշարունակվեն և կմնա միայն կանգուն մնացած շենքի հարցը։ Երեկ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանն ասել էր, որ շենքի փլուզման վտանգ կա և այնտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելը խիստ վտանգավոր է փրկարարների համար։

«Այստեղ ավելի լայն ներգրավման քայլեր է նախատեսվում, որը կանենք մեր գործընկեր գերատեսչությունների հետ միասին։ Հիմնականում մեկ հոգուն գտնելու փրկարարական աշխատանքներ են կատարվում, որովհետև մյուս աճյունը, որը գտնվել է և դեռևս չի նույնականացվել, հետևաբար այս պահին խոսում ենք երկու անհայտ կորածի մասին», - այսօր ասաց փոխնախարարը։

Համբարյանի խոսքով՝ իրենց խնդիրն է կիսականգուն շենքի հարակից տարածքների վերջնական մաքրումը և մեկ անհետ կորածին հայտնաբերելը։

«Որոշ մասնագետներ եկել են, երեկ նայել են՝ կարող է որոշ հատվածներում ավելի մոտենալու կամ տեղատեսություն կատարելու հնարավորություն լինի, որը մենք կփորձենք այսօր իրականացնել, բայց, ըստ էության, դժվար է լինելու ինչ-որ բան պարզել շենքի ներսում, մեր խնդիրն է շենքի հարակից տարածքների վերջնական մաքրումը և հասկանալը ենթադրյալ վայրում կա մեկ զոհը, թե ոչ», - ասաց փոխնախարարը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած՝ Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան: 62 տուժածներից 4-ը դեռ շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Դեպքի առնչությամբ առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ 50-ից ավելի մարդ արդեն հարցաքննվել է։ Առևտրի կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել։ Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Հայաստանում երեկ և այսօր սուգ է հայտարարված։

XS
SM
MD
LG