Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողները շուրջ յոթ սպասեցին, բայց այդպես էլ չկարողացան հանդիպել նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Ծնողները մեկ պահանջ ունեն՝ ուզում են հասկանալ, թե ինչ հանգամանքներում են զոհվել իրենց զավակները։
«Հերոսածին ծնողներով հավաքվել ենք այստեղ, որոնցից ամեն մեկը հայրենիքի համար տվել է իր որդուն: Այսօր եթե նախարարը չի ընդունում մեզ, ապա ո՞ւմ է ընդունելու», - ասաց նրանցից մեկը:
Որդեկորույս ծնողները վերջին անգամ հուլիսի 29-ին էին նույն պահանջով եկել նախարարություն։ Մի քանի ժամ սպասելուց հետո նրանց ընդունել էր նախարարությունից մի պաշտոնյա, խոստացել 3 օրվա ընթացքում առերեսում կազմակերպել իրենց որդիների անմիջական հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ։ Հանդիպումից արդեն 13 օր է անցել, բայց ծնողները պաշտպանական գերատեսչությունից որևէ արձագանք չունեն։
«Անցած անգամ, որ հանդիպեցի, անձամբ ես պահանջեցի, որ նախարարի հետ հանդիպենք, ասում է` նախարարը ձեզ չի ընդունի, ինքը ժամանակ չունի: Ես էլ ասում եմ, որ նախարարը պարտավոր է մեզ ընդունել», - ասաց ծնողներից մեկը:
Այսօր մի քանի ժամ սպասելուց հետո մեկ այլ պաշտոնյա իջավ՝ ծնողներին փոխանցելու, որ նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունն անհնար է կատարել , քանի որ ՊՆ-ն առերեսում կազմակերպելու իրավունք չունի։ Պատասխանից չբավարարված ծնողները որոշեցին սպասել։ Այս ընթացքում մի քանի անգամ իրավիճակը լարվեց, երբ ծնողները փորձեցին մտնել նախարարության ընդունարան և այնտեղ սպասել նախարարին։
«Երիտասարդ էր, երևի իր սխալն ընդունեց, ես էլ ասացի, որ տղաս, որ այսօր ինձնից բացակայում է, քեզանից բոյով, քեզանից ուժեղ, քեզանից սիրուն, գրագետ, դու իրավունք չունես որևէ մեկին` մեր ծնողների դեմը փակելու կամ արգելելու, որ ներս մտնենք», - հետո ասաց ծնողներից մեկը:
44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող զինվորները պատերազմի 27-րդ օրն էին տեղափոխվել Մարտունի՝ Ուրյան բարձունքը պաշտպանելու։ Պնդում են՝ դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ ու փակուղային իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են:
11 -րդ վաշտի ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանն ասում է՝ իրենց զայրացրել է հատկապես այն, որ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանն առաջին աստիճանի «Մարտական Խաչ» է ստացել այն դեպքում, երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված իրենց զավակների մահվան փաստով։ Մինչև օրս, սակայն, քրեական գործով մեղադրյալ չկա, միայն մի քանի անգամ կողմերն են հարցաքննվել. «Ինքը պարտավոր էր որպես հրամանատար իր պարտականությունները կատարել, որը չի կատարել, չեմ ասում` թերի է կատարել, այլ չի կատարել: Ավելի ապահով տեղ {է եղել}, քան մեր տղաներն են եղել»:
«Ես չգիտեմ, ինքն ասում է` օգնության եմ ուղարկել ինչ-որ մարդիկ, տեղ չեն հասել, եթե տեղ չեն հասել, խի՞ ես թողել տնօրենին անօրեն վերևը, ու զոհվեն են տղերքը», - հարցնում են նրանք:
Այսօր 5-րդ անգամն էր, որ ծնողները հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ։ Նրանցից միայն երկուսին օրվա վերջում ժամեր շարունակ սպասեցնելուց հետո ընդունել է նախարարի օգնականը և ասել, թե առաջակայում կտեղեկացնեն նախարարի հետ հնարավոր հանդիպման մասին։