«Տրանսնեֆտ» ռուսաստանյան պետական ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինան օգոստոսի 4-ից դադարեցրել է իր երկրի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները Հունգարիա, Չեխիա և Սլովակիա։
Պատճառը Ռուսաստանի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չիրականացնելն է, տեղեկացնում է «Տրանսնեֆտ»-ը։
Ռուսական ընկերությունը պնդում է, որ Եվրամիության պատժամիջոցների պատճառով չի կարող վճարել տարանցման համար, իսկ Ուկրաինան ռուսական վառելիքի տարանցիկ ծառայություններ է մատուցում 100 տոկոս կանխավճարով։
Ուկրաինական կողմն առայժմ չի արձագանքել։
Հունիսին Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը հաստատելիս հրաժարվել է ռուսական նավթի ամբողջական էմբարգոյից, մասնավորապես «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա, Սլովակիա հոսող նավթի այլընտրանքի բացակայության պատճառով։