Մատչելիության հղումներ

Թուրքիան «Բայրաքթար»-ների գործարան է կառուցելու Ուկրաինայում


Bayraktar տեսակի ԱԹՍ-ն Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսին, Կիև, 24 օգոստոսի, 2021թ.
Bayraktar տեսակի ԱԹՍ-ն Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսին, Կիև, 24 օգոստոսի, 2021թ.

Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի գործարան: Այդ մասին ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը:

Նրա փոխանցմամբ, Baykar-ն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերություն և կառուցման համար հողամաս է ձեռք բերել:

«Բայրաքթար»-ների արտադրությանը կմասնակցեն շարժիչներ, անիվներ և պահեստամասեր արտադրող ուկրաինական ընկերությունները:

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումից առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե «Վլադիմիր Պուտինը ցանկանում է համագործակցություն հաստատել Baykar ընկերության հետ»: Սակայն ավելի ուշ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներն ասել են, որ Ռուսաստանի հետ համագործակցության ծրագիր չի քննարկել:

Հուլիսի 18-ին Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN հեռուստատեսության թղթակցին ասել է, որ սատարում է ինքնիշխանության և անկախության համար պայքարող Ուկրաինային և երբեք թույլ չի տա այդ ԱԹՍ-ները վաճառել Ռուսաստանին:

Ուկրաինայի բանակը 2021 թվականից է ստանում թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ները: Դա նյարդայնացրել է Մոսկվային, և այդ կապակցությամբ Թուրքիան դադարեցրել է տեղեկություններ հրապարակել Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքի մասին:

Baykar ընկերության համասեփականատեր և տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG