Արցախ մուտքի արգելքից 5 օր անց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չի ստացել բացատրություն՝ ինչու իրեն թույլ չտվեցին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ Ընդդիմադիր Հովհաննիսյանն արգելքի սլաքներն ուղղում է դեպի Հայաստանի իշխանություն: Թե ինչու պետք է իրեն արգելեին, առաջարկում է հարցնել անձամբ վարչապետ Փաշինյանին։
«Իր փոխարեն ես չեմ կարող ասել», - այսօրվա ասուլիսին նշեց նա:
Խաղաղապահների՝ Արցախում տեղակայումից հետո Հովհաննիսյանը բազմիցս գնացել է այնտեղ առանց խոչընդոտի, ինչո՞ւ պետք է նրան հենց այս անգամ թոռնիկի մկրտությանը մեկնելիս արգելեին, հետաքրքրվեց «Ազատությունը»։
«Ռուս խաղաղապահները, ցույց տալով իմ լուսանկարը և գեներալ Վոլկովի անունը, հուլիսյան թվականն են նաև ցույց տվել, հուլիսին ինքնամաքրման մի հատ գրավոր տեքստ եմ ուղարկել մամուլ և մի հատ հանրային հարցազրույց եմ տվել», - պատասխանեց քաղաքական գործիչը:
«Ազատությունը» օրեր առաջ Արտգործնախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից էր հետաքրքրվել, թե արդյոք Հովհաննիսյանի մուտքի արգելքի հետ Հայաստանի իշխանություններն առնչություն ունեն, ինչպես նաև հարցրել, թե այդպիսով չի՞ խախտվել ՀՀ քաղաքացիների՝ Արցախ անարգել մուտքուելքի մասին համաձայնությունը։ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ Արտգործնախարարությունից ստացվել է հետևյալ պատասխանը. «Նշված գործողությունը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքի անխափան կապը Հայաստանի հետ»։
Այսօր ասուլիս հրավիրած Հովհաննիսյանը ոչ միայն պահանջեց վերացնել իր՝ Արցախ մուտքի արգելքը, այլև քաղաքական հայտարարություններ արեց. «Էլի ընդհարումներ, էլի զոհեր, այդ ամեն ինչը քաղաքացի Փաշինյանի հաշվեկշռի վրա է, իր զոհերն են, բայց ինքն է արդեն կարմիր գիծը, քաղաքացի Փաշինյանը Հայաստանի կարմիր գիծն է»:
«Ժառանգության» հիմնադիր և 2013-ի նախագահական ընտրություններում 2-րդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է Փաշինյանին հեռանալ, որից հետո ստեղծել Ազգային վստահության խորհուրդ, որը կղեկավարի երկիրը մինչև հաջորդ ընտրություններ, խորհրդի ցուցակն էլ է կազմել, թեև ասում է` այնտեղ ընդգրված մարդիկ անգամ տեղյակ չեն իր առաջարկի մասին։
«Իմ ներքին ձայնն ասում է` Րաֆֆի՛, մի՛ ընթերցիր, բայց պիտի ընթերցեմ: Ես ունեմ 3-4 ցուցակ, ոչ մեկի հետ չեմ խոսել, ես որևէ մեկին հարվածի տակ չեմ դնում», - նշեց նա:
15 հոգանոց ցուցակում նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է, ընդդիմադիրներ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Հայաստանի գործող փոխվարչապետերը, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը և այլք։
Հովհաննիսյանի կարծիքով` իր առաջարկը կայունություն ստեղծելու ու բանակցություններն առաջ տանելու հնարավորություն է. «Սա նաև ցանկություն չէ, սա մեթոդաբանություն է, թե ինչպես կարելի է հիմա դուրս գալ, բայց խցանը պետք է հանվի»:
Թեև Արցախի իշխանությունները արդեն հայտարարել են, որ մինչև օգոստոսի վերջ Լաչինի միջանցքում գտնվող Բերձորի և Աղավնոյի բնակիչները այնտեղից պետք է հեռանան, Հովհաննիսյանն ասում է՝ պատրաստվում է սեպտեմբերին գնալ այնտեղ. «Կրկնում եմ` այդ թյուրիմացությունը, հուսով եմ, հարթված կլինի, և սեպտեմբերի 2-ին Աղավնո գյուղով կմտնեմ Բերձոր և ապա Ստեփանակերտ»:
Նախկին արտգործնախարարը փողոցային պայքարի մասին չի հայտարարում, բայց մի քանի օրից ասում է՝ հրապարկում է լինելու «Հայաստանն այս տեղապտույտից հանելու համար»։