Ուկրաինայի զինված ուժերի հարավային հրամանատարության փոխանցմամբ, բանակը պատրաստվում է ետ մղել Խերսոնի շրջանում խոշոր հակագրոհը, որն այս օրերին ծրագրում են ռուսական ուժերը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, այսօր հայտնել է, որ Լվովի շրջանում հրթիռային հուժկու հարվածով ոչնչացրել է պահեստ, որում Լեհաստանից բերված զենք ու զինամթերք էր տեղավորված:
Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի քան հինգ ամիս է տևում: Պատերազմի ընթացքում երկու կողմից զոհվել են տասնյակ հազարավոր զինծառայողներ և հազարավոր խաղաղ բնակիչներ:
Ռուսաստանում հրաժարվում են կիրառել «պատերազմ» եզրույթը և փետրվարի 24-ին նախաձեռնած գրոհն անվանում են «հատուկ ռազմական օպերացիա»: