Ռուսական խաղաղապահ զորակազմը հաստատում է օրերս ադրբեջանական կողմից Թաղավարդի ուղղությամբ կրակոցների մասին տեղեկությունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությունում նշում է, որ վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում: Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ, զոհեր ու վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ըստ հաղորդագրության, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։
Հուլիսի 28-ին Արցախի ՆԳՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։