Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը հակված չէ ընդունել մարդասպանին փոխանակվող անձանց ցանկում ներառելու ռուսների առաջարկը


Վադիմ Կրասիկովի դատավարությունը, արխիվ
Վադիմ Կրասիկովի դատավարությունը, արխիվ

Ռուսաստանը Միացյալ Նահանգներին առաջարկել է երկու երկրներում պահվող կալանավորներին փոխանակելու ցանկում ներառել նաև Վադիմ Կրասիկովին, ով սպանության մեղադրանքով ազատազրկվել է Գերմանիայում:

Կալանավորների և դատապարտվածների փոխանակման հարցը նախօրեին հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը:

Ամերիկյան կողմն առաջարկում է Ռուսաստանում թմրադեղի մաքսանենգության փորձի համար կալանավորված Բրիթնի Գրայնենին և լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին փոխանակել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության համար դատապարտված Վիկտոր Բուտի հետ:

«Երկու ապօրինաբար պահվող ամերիկացիների փոխանակման գործարքում երրորդ երկրում սպանության համար դատապարտվածի անունն ավելացնելն անլուրջ բան է, դա մեր առաջարկը մերժելու անբարեխիղճ փորձ է»,- ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը:

Վադիմ Կրասիկովը 2021 թվականի դեկտեմբերին Գերմանիայի դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել 2019 թվականի օգոստոսին Բեռլինի կենտրոնական այգում Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Թորնիկե Խանգոշվիլիին սպանելու համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Վադիմ Կրասիկովի մոտ այդ պահին եղել է Վադիմ Սոկոլովի անունով թողարկված անձնագիր: Դատարանը հայտարարել է, որ Կրասիկովը Մոսկվայի պատվերով է սպանել Խանգոշվիլիին և դա անվանել է պետական ահաբեկչություն:

Թորնիկե Խանգոշվիլին նույն ինքը Զելիմխան Խանգոշվիլին է՝ վրացական անձնագրով չեչեն դաշտային հրամանատար:

Նրա սպանությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Խանգոշվիլին մոսկովյան մետրոյում ահաբեկչական պայթյունների կազմակերպիչներից մեկն է: Կրեմլը դա հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Մոսկվան հերքում է Խանգոշվիլիին վերացնելու մեղադրանքը:

Նրան փոխանակվողների ցուցակում ներառելու հնարավորությունը բարդ է իրականացնել այն պատճառով, որ Կրասիկովը պատիժը կրում է երրորդ երկրում:

Այնուամենայնիվ, ըստ CNN հեռուստակայանի, Գերմանիայի կառավարության մի պաշտոնյա ասել է, թե ամերիկացիները նախնական տարբերակով քննարկել են նման փոխանակման հնարավորությունը, սակայն բարձր մակարդակով քննարկում չի եղել:

Լրագրողական հետաքննությունների արդյունքների համաձայն, Կրասիկովը կարող է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սպա և «Վիմպել» հատուկ ջոկատի վետերան լինել:

Վիկտոր Բուտն էլ, ըստ որոշ հաղորդագրությունների, կապեր ունի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG