Երևանի Խանջյան փողոցի վրա՝ Մանկավարժական համալսարանի կողքին գտնվող բազմաբնակարանային շենքը կարող է քանդվել։ Կառավարությունը շուրջ մեկ դար առաջ կառուցված շինությունը երեկ գերակա շահ է ճանաչել։ Ու մինչ քաղհասարակությունը պնդում է, թե օտարելու փոխարեն պետք էր բարեկարգել շենքը, քաղաքապետարանից արձագանքում են՝ վթարային է։
Խանջյան փողոցի այդ հատվածով է անցնելու դեպի վերակառուցվող 33-րդ կամ առավել հայտնի Ֆիրդուսի թաղամաս տանող երեք հիմնական ճանապարհներից մեկը, ևս երկուսը կլինեն Տիգրան Մեծի պողոտայից ու Բյուզանդի փողոցից։
Ֆիրդուսն ու հարակից մի քանի թաղամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել դեռ 2006 թվականին, այն ժամանակ, սակայն, կառուցապատման ներդրումային ծրագիրը չի իրականացվել։ 2018-ի մարտին այս ամբողջ տարածքը կրկին գերակա շահ ճանաչվեց։ Իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին թաղամասի վերակառուցման մեկնարկի մասին։
Այստեղ նախատեսվում է հրապարակ, նոր փողոցներ, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Նախագիծն ընդհանուր առմամբ 5.5 հեկտար մակերես է ընդգրկում: Խանջյան փողոցի վրա գտնվող այդ շենքն, ըստ կառավարության, խանգարում է:
«Նախորդ դարի 30-ականներին կառուցված ֆիզիկական հնամաշ շենքը, որը լուծված է հանրակացարանային, միջանցքային սկզբունքով, անհրաժեշտ է ներառել իրացման սահմաններում: Սա հնարավորություն կտա ոչ միայն լուծելու հատակագծային կառուցվածքի խնդիրները, այլև կազմակերպելու լայն մայթերով հետիոտնի մոտեցումները, այդ թվում նաև Խանջյան փողոցի մասով»,- այսպես է իր որոշումը հիմնավորում գործադիրը։
Խանջյան 7 հասցեում գտնվող շենքը արտաքուստ լավ պահպանված է թվում, բայց ներսում հակառակ պատկերն է։ «Ազատությանը» հանդիպած բնակիչներից և ոք ոչ հարցազրույց տալ չցանկացավ, կտրուկ մերժում էին։ Ասացին՝ կառավարության որոշման մասին դեռ պաշտոնապես չեն իրազեկվել։ Տեսախցիկի հետևում էլ որոշներն առանձնապես դժգոհ չէին կառավարության որոշումից, ասում էին` ավելի լավ է բավարար փոխհատուցում ստանան ու այստեղից այլ բնակարաններ տեղափոխվեն։
«Այս շենքն, ավաղ, այդպիսի շարժում չի առաջացնելու, այդ շարժումները, ներառյալ` Ֆիրդուսի շարժումը, Երևանի ժառանգության կոմիտեի շարժումները սսկվեցին, ուրիշ բառ չունեմ, պատերազմից հետո», - ասում է այս շենքում մեծացած արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Նա անկեղծանում է՝ ամեն անգամ օտարված շենքերի մասին լուր կարդալիս սիրտը դող է ընկնում՝ հանկարծ մի գեղեցիկ շինություն էլ Երևանը չկորցնի։ Խանջյան 7-ը, արձակագրի համոզմամբ, ոչ թե պետք է քանդել, այլ ընդհակառակը՝ պահպանել ու նորոգել։
«Շրջակայքում այդպիսի շենքեր շատ քիչ են մնացել», - նկատում է նա:
Հին շենքերը պահպանելու համար միշտ էլ կարելի է այլ տարբերակ մտածել ու ավելի ճկուն լինել, վստահ է Գևորգ Տեր-Գաբրիելյանը. «Ես ճարտարապետ չեմ, բայց ամեն ստեղծագործական լուծումից հրաժարվում են, որովհետև ուզում են մեծ, ուզում են ներդրող, ներդրում և ստանդարտ պրոյեկտ»:
Քաղաքապետարանի լրատվության վարչության ղեկավար Լևոն Սարդարյանը հակադարձում է՝ երրորդ կարգի վթարային շենքը վերանորգելը նպատակահարմար չէ. «Երրորդ կարգի վթարայնություն ունեցող շենքը, ըստ էության, վերանորոգել նշանակում է վերստեղծել: Դա հսկայական և ֆինանսական, և մնացած բոլոր կարգի ծախսերի հետ է կապված», - շեշտեց նա:
Քաղաքապետարանի պաշտոնյան նաև ընդգծում է՝ իրականում այս շենքի ճակատագիրը դեռ տարիներ առաջ է վճռվել. «Կառուցապատման հայեցակարգի մեջ ներառվել է դեռևս 2015 թվականին, այսինքն` դա այսօր կայացված որոշում չի, երեկ կայացված որոշում չի»:
Գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի տարածքն այժմ բաժանված է տարբեր ներդրող ընկերությունների միջև։ Որոշ հատվածներում արդեն սկսվել է շինարարությունը։ Կառավարությունը Ֆիրդուսի ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է համարում, որի իրականացումից հետո հնարավոր կլինի ստեղծել՝ «քաղաքաշինական գեղագիտական միջավայր»:
Ծրագրի ներդրումային արժեքը 300 միլիոն դոլար է: Թե երևանցիները երբ կտեսնեն գործադիրի խոստացած «քաղաքաշինական գեղագիտական միջավայրը», իշխանությունները չեն հստակեցնում, վերջնաժամկետ չկա։