Թեհրանը պնդում է, որ միջուկային համաձայնագրի վերականգնման հարցում «շտապողականություն չի ցուցաբերելու»։ Այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին է ասել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Ամերիկացիները հոգեբանական ճնշում են գործադրում Իրանի նկատմամբ՝ իսլամական հանրապետությանն ուղղված միակողմանի պահանջներ առաջ քաշելով և ասելով, թե Իրանը պետք է արագորեն որոշում կայացնի, քանի որ ժամանակը սպառվում է։ Իրականում, Իրանը չի պատրաստվում հուզական և շտապողական որոշումներ կայացնել և բանակցային գործընթացն արագացնելու համար զոհաբերել իր հիմնարար շահերը», - հայտարարում էր Իրանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նասեր Քանանիի խոսքով՝ «միջուկային գործարքի կնքումը տեսանելի, թե՞ հեռավոր ապագայի հարց է՝ կախված է բացառապես ԱՄՆ վարչակազմի կողմից կայացվող քաղաքական որոշումներից։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է այս համաձայնագիրը կնքել մոտ ապագայում», -հայտարարում էր Քանանին։