ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Անկարայի հայտարարությունը նախապայման չի համարում:
«Կարծում եմ` Ձեր նշած հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէր: Թուրքիան, ըստ էության, մշտապես այս դիրքորոշմամբ է հանդես եկել, որը, բնականաբար, մեզ համար երբևէ ընդունելի չի եղել», - անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը` ասաց Աղաջանյանը:
Թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը երեկ ասել էր, որ Անկարան հայտարարություններից զատ հստակ քայլեր է ակնկալում Երևանում` երկու հստակ նախապայման առաջ քաշելով։ Երկուսն էլ կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, շեշտեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը` հավելելով. «Հայկական կողմը մշտապես արձանագրել է, որ կա նման խնդիր, արձանագրել է, որ Թուրքիայի, հաճախ թուրքական հայտարարությունների և գործողությունների մեջ, ցավոք, կա բաժանում, և իհարկե, մեր խնդիրներից է այդ թվում ամեն ինչ անել, որպեսզի այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, ես արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»:
Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այսպես կոչված`«Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում: