Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը քննադատում է «դեօլիգարխիզացիայի» օրինագիծը


Վրաստանի խորհրդարանի շենքը՝ երկրի և ԵՄ դրոշների ֆոնին
Վրաստանի խորհրդարանի շենքը՝ երկրի և ԵՄ դրոշների ֆոնին

«Դեօլիգարխիզացիա ուկրաինական ձևով»՝ Եվրամիության առաջ քաշած նախապայմաններից առանցքայինի կատարման հարցում Վրաստանի իշխանությունները որոշել են հետևել Կիևի, ավելի ճիշտ՝ վրացական գործող կառավարության հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Վլադիմիր Զելենսկու վարչակազմի օրինակին։

Շաբաթասկզբին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի խորհրդարանում շրջանառության մեջ դրեց այսպես կոչված դեօլիգարխիզացիայի մասին օրենքի նախագիծը, որի ամբողջական անվանումը հետևյալ երկարաշունչ տեսքն ունի՝ «Օրենք հասարակական կյանքում զգալի տնտեսական և քաղաքական ազդեցություն ունեցող անձանց (օլիգարխների) անհամաչափ մեծ ազդեցությունից բխող ազգային անվտանգության սպառնալիքները կանխելու մասին»։

Փաստաթղթի հրապարակումից հաշվված ժամեր անց վրացական ընդդիմությունն ահազանգում էր՝ իշխող մեծամասնությունը պարզապես թարգմանել է Գերագույն ռադայի կողմից դեռ մինչև պատերազմն ընդունված այս օրենքը՝ ամբողջությամբ անտեսելով Վրաստանի լոկալ առանձնահատկությունները։ Դժգոհությունների մյուս պատճառն այն է, որ «Վրացական երազանք»-ը կրկնօրինակման համար ընտրել է եվրոպական կառույցների կողմից ամենից շատ քննադատված ուկրաինական օրենքներից մեկը՝ մի փաստաթուղթ, որը Վլադիմիր Զելենսկու կողմնակիցները երկրի խորհրդարանում հաստատել էին՝ չսպասելով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը։

«Նախևառաջ պետք չէ մոռանալ, որ ուկրաինական օրենքը իր բնույթով եզակի է, այն ուժի մեջ է մտել երկու ամիս առաջ, և դեռ պարզ չէ, թե ինչպես է այն գործում։ Բացի այդ, օրենքում բավական լուրջ թերություններ կան՝ կապված այն հարցի հետ, թե ո՞վ է ի վերջո որոշելու՝ տվյալ մարդը օլիգա՞րխ է, թե՞՝ ոչ։ Ուկրաինայում գործող օրենքով, օրինակ, Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդն արտադատական որոշումներ կայացնելու իրավունքով է օժտված։ Այն կարող է այս կամ այն մարդուն օլիգարխ հռչակել և նրան ընդգրկել օլիգարխների հատուկ ցանկում», - հայտարարում էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին։

Ընդդիմադիրների համոզմամբ՝ «Վրացական երազանք»-ը օրենքի ուկրաինական տարբերակն ընտրել է հենց այս անորոշությունների պատճառով, որոնք թույլ են տալիս օլիգարխների թվին դասել այն մեծահարուստներին, որոնք վերջին շրջանում ներգրավվել են ընդդիմադիր գործունեության մեջ, օրինակ՝ «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին, բայց դրա հետ մեկտեղ այդ ցանկից դուրս թողնել իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, որը պաշտոնապես հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։

«Ուկրաինայում օլիգարխներին տարբերակելու համար չորս չափանիշ է գործում՝ քաղաքական պրոցեսների վրա տվյալ անձի ազդեցությունը, նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկ չափի եկամուտ, գերիշխող դիրք շուկայում և ազդեցություն լրատվամիջոցների վրա։ Այս չափանիշներից ելնելով Բիձինա Իվանիշվիլին օլիգարխ չէ, փոխարենը այս բնորոշմանն են համապատասխանում այն այսպես կոչված քաղաքական գործիչները, որոնք շուկայում գերակա դիրք ունեն և ազդում են լրատվամիջոցների վրա», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նախագահ և օրենքի համահեղինակ Անրի Օհանաշվիլին։

Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական Թբիլիսիին «դեօլիգարխիզացիա» իրականացնելու պահանջը,11 այլ պարտադիր քայլերի հետ մեկտեղ, ներկայացվել է մեկ ամիս առաջ՝ հունիսի 17-ին, որպես նախապայման Վրաստանը ԵՄ անդամի թեկնածու պետություն հռչակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG