Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը հայ-ադրբեջանական երկխոսությանը


Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու աջակցությունը երկու երկրների միջև երկխոսությանը։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Վաշինգտոնի դերակատարումը հայ-ադրբեջանական գործընթացներում, հայտարարել է. «Մենք ակտիվ դերակատարում ենք ունեցել: Մենք մշտապես ասել ենք, որ պատրաստ ենք ներգրավվել ինչպես երկկողմ, այնպես էլ նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել տևական, համապարփակ խաղաղություն»:

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Բլինքենի, նրա տեղակալ Քերըն Դոնֆրիդի վերջին շաբաթների ընթացքում շփումների մասին Հայաստանի ու Ադրբեջանի իրենց գործընկերների հետ:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավար ու բարեկեցիկ ապագայի հասնելու լավագույն տարբերակն է, և մենք շարունակելու ենք հնարավոր բոլոր միջոցներով աջակցել դրան»,- հայտարարել է Նեդ Փրայսը:

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը Պետքարտուղարության խոսնակին հարց է ուղղել նաև Եվրամիության ու Ադրբեջանի միջև կնքված գազային գործարքի մասին` ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների, մարդու իրավունքների ոլորտում Ալիևի վարչակազմի քաղաքականության համատեքստում։

«Մենք սերտորեն համագործակցում ենք ԵՄ մեր դաշնակիցների, ինչպես նաև տարածաշրջանի այլ գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, էներգետիկ անվտանգության հարցում։ Մենք ցանկանում ենք այս ընթացքում տեսնել էներգիայի կայուն համաշխարհային մատակարարում»,- ասել է Փրայսը:

XS
SM
MD
LG