Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Վիննիցայում նախօրեին իրականացված հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարական կազմը։
«Հուլիսի 14-ին ծովային տեղակայման «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածներ են հասցվել Վիննիցա քաղաքի կայազորային սպայի տանը։ Այդ պահին, ռազմական այդ օբյեկտում ընթանում էր Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարական կազմի խորհրդակցությունը սպառազինության օտարերկրյա մատակարարների հետ։ Հարվածի հետևանքով խորհրդկացության մասնակիցները ոչնչացվել են», - հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակի պնդմամբ, խորհրդակցության մասնակիցները քննարկում էին Ուկրաինայի Զինված ուժերի օդանավերի և խոցման միջոցների հերթական խմբաքանակի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայի ավիացիոն պարկի վերանորոգումը կազմակերպելու հարցերը։
Ուկրաինան հայտարարել է, որ Վիննիցայում իրականացված հարվածների թիրախում հայտնվել էին քաղաքացիական օբյեկտները։
Հրթիռակոծության հետևանքով, ըստ պաշտոնական Կիևի, առնվազն 20 խաղաղ բնակիչ էր զոհվել։