Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում Ռուսաստանի նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

«Կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ուշադրությունը, մասնավորապես, ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը», - ասված է հաղորդագրությւոնում:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այսօր ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նախատեսվում է, որ հուլիսի 15-ին Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG