Մատչելիության հղումներ

Պարբերաբար կրակոցներ սահմանի Նախիջևանի ուղղությամբ․ ըստ քաղաքագետի, Բաքուն փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա


Հայ-ադրբեջանական սահմանը՝ Նախիջևանի ուղղությամբ արդեն մեկ շաբաթից ավելի է պարբերաբար կրակահերթի տակ է հայտնվում։ Վերջին պաշտոնական հաղորդագրությունը երեկ էր։

Ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրության, թե հայկական զինված ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Հայաստանի պաշտպանական գերատեսչութունը հերքում տարածեց և պնդեց հակառակը, որ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ և միայն հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Այս միջադեպից առաջ էլ Վայոց ձորի Խաչիկ ու Ելփին գյուղեր տանող ճանապարհի բնակավայրերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ կրակելու մասին հաղորդագրություններ եղան։

«Սա ճնշման միջոց է Ադրբեջանի կողմից»

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է՝ Բաքուն սահմանային սրացումներով փորձում է ազդել բանակցային գործընթացի վրա։

«Սա շանտաժ է Ադրբեջանի կողմից և ճնշման միջոց է` կորզելու առավելագույնը: Հայաստանի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրողությունները փոխվել են ի վնաս մեզ։ Սա լինելու է շարունակաբար, եթե Հայաստանի Հանրապետությունն այս քիչ թե շատ խաղաղ պայմաններում, եթե իր ներքին պոտենցիալը չի հավաքելու, եթե մենք արտաքին քաղաքականության մեջ կոմպլեմենտար քաղաքականության շրջանակներում նոր դաշնակիցներ չենք որոնելու, դա շարունակվելու է», - ասաց քաղաքագետը։

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից այդ թվում՝ մեծածավալ սադրանքի վտանգի մասին Հայաստանում խոսում են ամենաբարձր մակարդակով։ Իր վերջին առցանց ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, կարճ ժամանակ անց նույն մտահոգությունը կրկնեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ միջազգային լրատվամիջոցի հետ զրույցում։

Ըստ Միրզոյանի, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։

XS
SM
MD
LG