Մատչելիության հղումներ

Մոսկվայի հասցեին Մեծ Քսանյակի երկրների կոշտ քննադատության ֆոնին Լավրովը լքել է հավաքը


Ինդոնեզիայի Բալի կղզում մեկնարկել է աշխարհի 20 առաջատար արդյունաբերական պետությունների արտգործնախարարների մեկօրյա հավաքը, որի օրակարգի գլխավոր թեմաները Ուկրաինայում շարունակվող պատերազմն է և դրա հետևանքով պարենի ու էներգիայի գների աճը:

Չնայած Ուկրաինայի վրա ռազմական հարձակման պատճառով Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռ շարունակում է մաս կազմել Մեծ քսանյակին։ Հավաքին ներկա ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը, սակայն նիստը լքել է չսպասելով դրա ավարտին և պաշտոնական ճաշին։

Գագաթնաժողովի մեկնարկին, ինչպես հայտնում են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, Քսանյակի արտգործնախարարները հրաժարվել են ավանդական խմբային լուսանկարից՝ խուսափելով Սերգեյ Լավրովի հետ համատեղ լուսանկարվելուց։ Ռուսաստանի արտգործնախարարը հեռացել է իր ելույթից անմիջապես հետո՝ չլսելով արևմտյան պաշտոնակիցների՝ Ուկրաինայում Մոսկվայի գործողությունները դատապարտող ելույթները, ուկրաինական պարենն ու էներգետիկ ռեսուրսները որպես զենք օգտագործելու մասին Մոսկվային ուղղված մեղադրանքները։ Լավրովի կարծիքով՝ նման մեղադրանքները անտեղին են, Կիևն է մեղավորը, որը հրաժարվում է բանակցել։

«Ագրեսորներ, օկուպանտներ, զավթիչներ»։ Շատ բան ենք մենք այսօր լսել։ Բոլորը մեզ կոչ են անում դադարեցնել այդ գործողությունը և խաղաղ կարգավորման հասնել։ Ես նրանց խնդրեցի կողմնորոշվել՝ ինչ են ուզում այնուամենայնիվ։ Եթե խաղաղ բանակցություններ, ապա այդ բանակցությունները դադարեցրել է Ուկրաինան: Եթե Արևմուտքը ցանկանում է բանակցություններ, ապա պետք է դա նկատի առնի», - հայտարարել է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար էնթոնի Բլինքենը, որն, ի դեպ, հրաժարվել է որևէ հանդիպում ունենալ ռուսաստանցի պաշտոնակցի հետ, իր ելույթի ընթացքում, այդուհանդերձ, ուղիղ դիմելով Մոսկվային, պահանջել է բացել ռուսական ուժերի կողմից գրավված ուկրաինական նավահանգիստները և թույլ տալ արտահանել ուկրաինական ցորենը։

«Դիմում եմ մեր ռուսաստանցի գործընկերներին․ Ուկրաինան ձեր երկիրը չէ, իսկ նրա ցորենը ձեր ցորենը չէ։ Ինչո՞ւ եք արգելափակել նավահանգիստները։ Դուք պետք է բաց թողնեք այդ ցորենը», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թե՛ Բլինքենի, թե՛ նրա արևմտյան գործընկերների ելույթների մեծ մասը, ինչպես հաղորդվում է՝ ուղղված էր Ռուսաստանին համոզելու՝ թույլ տալ ուկրաինական հացահատիկի պաշարների արտահանումը:

Այդ հարցով շաբաթներ շարունակվող բանակցությունները Անկարայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, առ այսօր որևէ արդյունք չեն տվել: Մինչ այդ Ռուսաստանը հերքում է բոլոր մեղադրանքները և հավելում, որ Ուկրաինայում արգելափակված հացահատիկը կազմում է համաշխարհային մատակարարման ընդամենը 1 տոկոսը:

Բալիում Մեծ քսանյակի փակ հավաքը, դատելով լրատվամիջոցների և դիվանագետների նկարագրություններից, անցել է բավական լարված մթնոլորտում։ Սա առաջին նման մակարդակի հավաքն է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր, որին մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը թվիթերյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ նիստն անցել է առանձնակի «ծանր համատեքստում», հավելելով, որ «ագրեսիայի դիմաց որևէ մեկը չի կարող չեզոք մնալ»։

«Այն փաստը, որը Ռուսաստանի արտգործնախարարը նիստի մեծ մասն անցկացրել է ոչ թե դահլիճում, այլ դրսում, ընդգծում է, որ ներկայում ռուսաստանյան կառավարությունը մեկ միլիմետր անգամ չի մոտեցել երկխոսություն սկսելու պատրաստակամությանը», - հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Ինքը՝ Լավրովն այսպես է արձագանքել․ «Ինչ վերաբերում է ինձ հետ հանդիպումներին, հայտարարություններին, թե չեն լուսանկարվի ինձ հետ, ես որևէ մեկին չեմ հրավիրել ինձ հետ լուսանկարվելու։ Եվ առհասարակ որևէ մեկին որևէ տեղ չեմ հրավիրել։ Ինձ հրավիրել է Ինդոնեզիան»։

Գագաթնաժողովը հյուրընկալող Ինդոնեզիայի դիվանագիտության ղեկավար Ռետնո Մարսուդին նիստի մեկնարկին իր զգացմունքային ելույթում նախընտրել է հասցեական հայտարարություններ և մեղադրանքներ չհնչեցնել՝ շեշտելով, որ բոլորի պարտականությունն է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում։

«Մեր պարտականությունն է այդ պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնել և կարգավորել մեր տարաձայնությունները բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում», - շեշտել է Մարսուդին, հավելելով, որ ուկրաինական պատերազմի հետևանքով աշխարհը բախվում է վառելիքի և հացահատիկի պակասի և Մեծ քսանյակը պարտավոր է քայլեր ձեռնարկել այդ հարցերը լուծելու համար։

Լավրովն այդ ելույթի ընթացքում Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարների կողքին նստած իր դիմաց դրված թղթերն էր թերթում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG