Կառավարությունը դեռևս քննարկում է ինտերնետում տարածվող տեղեկատվությունը վերահսկելու՝ գլխավոր դատախազի առաջարկը։ Քննարկումներից հետո կհայտնեն՝ կգնա՞ն այդ ճանապարհով, թե՞ ոչ, «Ազատությանը» փոխանցեցին գործադիրից։
Երկու ամսից պաշտոնավարումն ավարտող Արթուր Դավթյանն առաջարկն անելիս վկայակոչել էր դատախազության ուսումնասիրությունը, թե վերջին տարիներին սոցիալական կայքերում մեծացել է ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն պարունակող, ինչպես նաև թմրամիջոցների գովազդի կամ վաճառքի բացահայտ հրավերի կամ էլ այլ հանցավոր տեղեկատվության տարածումը։ Դավթյանը գերմանական փորձի հետ միասին բերել էր ռուսական «Ռոսկոմնազդորի» օրինակը՝ փորձագետների ու լրատվամիջոցների շրջանում միանգամից մտավախություն առաջացնելով, որ Հայաստանում էլ պետությունը մտադիր է ստեղծել լրատվամիջոցներին ու ընդդիմախոսներին ճնշող պետական մարմին։
«Մեր նպատակը որևէ առանձին մարմնի՝ որպես մոդելային օրինակ ներկայացնելը չի եղել, առավել ևս Ռուսաստանի էդ կառույցի պարագայում։ Խնդիրը եղել է ընդամենը երկու տարբեր երկրների օրինակներով ցույց տալ երկրների պայքարի միջոցները, ձևերը։ Էստեղ մեզ համար կարևորը էն չի, թե կստեղծվի առանձին կառույց, թե ինչ-որ մի պետական, էսօր գործող կառույցի կարգավորման ներքո կլուծվի էդ հարցը, թե կստեղծվի բոլորովին այլ մոդել՝ ենթադրենք, իրավական կարգավորումների մակարդակով միայն», - պարզաբանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նկատում է՝ իրենք որևէ մարմին ստեղծելու առաջարկ չեն արել։ Ընդամենը ներկայացրել են հանցագործությունների մեջ ինտերնետի դերը և դրանց դեմ պայքարի բացակայությունը։ Այսինքն՝ համացանցում տեղեկատվության անվտանգությունը կարգավորված չէ, և չկա վերահսկողության որևէ իրավական մեխանիզմ։ Մինչդեռ դատախազի այս առաջարկը, Աբրահամյանի խոսքով, դարձել է շահարկումների առարկա. - «Մեր հիմնական նպատակը էս երևույթի դեմ պայքարն է, որը բացարձակապես որևէ կապ չունի տեղեկատվության ազատության, խոսքի ազատության սկզբունքների հետ։ Այսինքն՝ մենք էդ սկզբունքներ ենք պաշտպանում այդպիսի դրսևորումներից, որպեսզի էդ հանցագործությունների կատարումը, էդ հանցագործությունների արդարացումը ինչ-որ առումով, տիրաժավորումը, բնականոնացումը թույլ չտանք տեղեկատվության ազատության սկզբունքների համատեքստում»։
Մինչ կառավարությունում քննարկում են գլխավոր դատախազի առաջարկությունը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հորդորում է չանհանգստանալ՝ ընդգծելով, որ լրատվամիջոցներին վերաբերող հարցերը քննարկում են հենց նրանց հետ համագործակցությամբ. - «Ես կխնդրեմ որևէ մեկին հիմա ավելորդ անհանգստություն չունենալ էս առաջարկի։ Նախ առաջարկը էնքան նոր է, որ նույնիսկ մենք նորմալ չենք ուսումնասիրել։ Երկրորդ, լինում է էսպես, բազմաթիվ առաջարկներ հնչեցվում են, դրվում են նույնիսկ ի-դրաֆթ՝ քննարկման հանրային, հետո մերժվում են և գնում են արխիվ։ Սա կարող է լինել նման առաջարկներից։ Ես անձամբ չեմ ծանոթացել դրան դետալային, չեն հասցրել նույնիսկ ուսումնասիրել»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այսօր հրաժարվեց խոսել մեդիա ոլորտի փորձագետների խիստ քննադատությանն արժանացած առաջարկի մասին։ Փոխարենն ընդգծեց, որ կառավարությունն ու քաղհասարակությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագիծ են մշակել. - «Ըստ էության, շատ փոքր և քիչ գործիքներով ենք կարողանում դրա դեմ պայքարել։ Հիմա մեզ անհրաժեշտ է ռազմավարություն, որպեսզի բոլոր մարմինները համապարփակ արձագանքեն էս իրողություններին և նվազագույնի հասցնեն ապատեղեկատվության ազդեցությունը ընդհանուր հասարակության վրա, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ ապատեղեկատվությունը իրականում շատ այլ ոլորտների վրա էլ է ազդում՝ սկսած ընդհանուր հանրային տրամադրություններից, տնտեսության վիճակից և այլն։ Եվ էս ռազմավարությունը միտված է լինելու դրան»։
Ապատեղեկատվության դեմ պայքարի նախաձեռնության հեղինակներից մեկը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն է։ Նա դեմ է Գլխավոր դատախազի առաջարկին ու քննադատում է այն։ Ասում է՝ թեև Հայաստանը վերջին երեք տարիներին շատ է տուժել ապատեղեկատվությունից, բայց Դավթյանի առաջարկն ամբողջովին հակասում է իրենց մշակած նախագծին. - «Ոչ թե հատվածային ինչ-որ պահով պայմանավորված, տարբեր հանդիպումների արդյունքներով պայմանավորված ինչ-որ գաղափարների շրջանառում, որը ուղղակիորեն կարող է հակասության մեջ մտնել այս ամբողջ պատկերացումներին, որը կառավարությունը ներկայացնում է այստեղ։ Էնպես որ, դրանք պիտի լինեն համակարգված, և շատ հստակ պետք ա լինի էդ մեսիջը բոլոր պետական կառույցներին, որ սա է այն առաջնահերթ փաստաթուղթը, որով մենք շարժվում ենք առաջ»։
Դոյդոյանն ու գործընկերները առաջարկում են ունենալ մի համակարգ, որը հնարավորություն կտա առաջին հերթին պետական ինստիտուտներին կանխելու և չեզոքացնելու ապատեղեկատվությունն ու դրա հետևանքները։ Այս հարցում մեծ դեր կարող է ունենալ առաջին հերթին կրթական համակարգը։
Նախագիծը դեռևս քննարկվում է, ինչից հետո կընդունվի գործողությունների ծրագիրը։ Արդյո՞ք գլխավոր դատախազի վիճահարույց առաջարկը հետագայում ևս կվերածվի նման մի նախագծի, այժմ կախված է այն ուսումնասիրող կառավարության դիրքորոշումից։