Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կրկին հետաձգել է Գրիգորյան-Հաջիև հանդիպումը


Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումները, լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանը:

«Նախատեսված էր 27-28-ին, դրանից առաջ էլ ունեինք պայմանավորված օր, բայց դրանք հետաձգվեցին, դեռևս հայտնի չէ հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել», - ընդգծեց Գրիգորյանը:

Հետաձգման մասին ավելի վաղ ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ քննարկումների արդյունքում որոշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներ իրար հետ կապի մեջ պետք է լինեն, բայց Ադրբեջանն արդեն առնվազն մեկ այդպիսի դեպք ունենք, որ բոյկոտել է աշխատանքը, չի ներգրավվել ի հեճուկս պայմանավորվածությունների, և նախորդ օրվա ԱԳՆ-ի հնչած առաջարկին պատասխան չի ստացվել», - հունիսի 27-ի առցանց ասուլիսի ժամանակ նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Արմեն Գրիգորյանը նշեց, որ հանդիպման հետաձգման մասին ադրբեջանական կողմից որևէ հստակ պարզաբանում չեն ստացել:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև նշեց՝ տեղեկություններ ունի, որ հանդիպումը հնարավոր է լինի առաջիկայում:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG