Մատչելիության հղումներ

Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազ


36-ամյա Աննա Վարդապետյանը սեպտեմբերից կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնը՝ վեց տարով։ Այսօր նա խորհրդարանում ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայներով (70 կողմ, 0 դեմ):

Նախընտրական ելույթը Վարդապետյանը սկսեց հստակ շեշտադրությամբ, թե հետևողական լինելու դեպքում հնարավոր է հասնել արդյունավետ դատախազական հսկողության։

«Ձախողում, նշանակում է ձախողում ամբողջ ապրած կենսագրության։ Երևի պատկերացնում եք՝ ինչ է դրված ինձ համար նժարի վրա եղել, և սա թեթևսոլիկ որոշում չի եղել իմ կողմից», - ասաց նա:

Դեռ վարչապետի աշխատակազմում աշխատելիս 7 խնդիր է առանձնացրել՝ քննչական ու դատավարական գործողությունների ձգձգում, արդարադատության պակաս, հովանավորչություն:

«Եթե դատախազը հետևողական է գործի նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, Ազգային ժողովի դիմաց, պահանջի իր գործի քննությունը, և մենք էլ ստիպված լինենք բացատրել, որ ամենազոր չէ քաղաքական թիմը և չի կարող իրավական հարցերի մեջ խառնվել, միջամտել, ինչում ինձ մի անգամ չէ, որ մեղադրում են, եթե լրատվությունը հետևում եք», - հայտարարեց նա:

Աննա Վարդապետյանը հպանցիկ անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե որպես քաղաքական թիմի անդամ միջամտել է իրավական ոլորտին: Թեկնածուն սկանդալի կիզակետում էր հայտնվել անցած տարի՝ մամուլում հրապարակված մի տեսանյութից հետո։ Այն մեկնաբանելով` հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը պնդում էր՝ վարչապետի օգնականը քննիչի հետ նամակագրությամբ քրեական գործում խմբագրումներ ու շտկումներ է արել, ինչի իրավունքը չուներ։ Ինքը՝ Վարդապետյանը, խոսքն այս մասին սկսեց, բայց չծավալվեց։

Ընդդիմության բոյկոտի պայմաններում պատգամավորների կողմից այս մասին հարցադրումներ չեղան, իսկ լրագրողների հարցերին էլ թեկնածուն խուսափեց պատասխանել:

Իշխող ուժի պատգամավորները հիմնականում հարցեր էին տալիս հանրային հնչեղություն ունեցող քրեական գործերի մասին՝ արդյո՞ք կվերանայվեն դրանք, եթե դատախազների գործում թերություններ նկատվեն։

«Կլինի հետևանքային այն իմաստով, որ եթե կա օրինականության խախտում, այդ օրինականության խախտման վրա աչք չի փակվելու», - վստահեցրեց նա:

Սպիտակ օձիքների հանցավորությունն այսօր դառնում է գրեթե իդեալական, իր հերթին նշեց Վարդապետյանը՝ նկատի ունենալով բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից կատարվող ֆինանսական չարաշահումները։ Նրա պնդմամբ՝ այդուհանդերձ, այսօր կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ արդյունավետ քննություն իրականացնելու համար։

«Մեր խնդիրն է այս պահին, որպեսզի դրանք լինեն արդյունավետ և չձգձգվեն», - նկատեց Վարդապետյանը:

Հնարավոր է արդյո՞ք նույն կադրային բազայով հեղափոխություն անել տասնամյակներ շարունակ քննադատվող այս ոլորտում։ Հետևողականության և հստակ դրված պահանջների դեպքում, ըստ առաջին կին դատախազի, ամեն ինչ էլ հնարավոր է. «Ես չեմ կարծում, որ դեստրուկցիան որևէ նոր բանի կառուցման հիմք է, այսինքն` եթե մենք խոսում ենք կմախքներ մաքրելու, կառուցվածքային փոփոխություններ անելու, առաջնհերթություններ դնելու մասով, ապա պետք է լինի շատ հստակ ու շատ կանխատեսելի, այսինքն` տարբեր տեսակի ստվերային քննարկումների բացակայությամբ, այսինքն` հասկանա համակարգը, թե ինչ է պահանջվում համակարգից, հատկապես եթե համակարգն ուղղահայաց է»:

Վարդապետյանը մեկ տարի առաջ է հաղթահարել առաջադրման համար անհրաժեշտ շեմը՝ 35 տարեկանը։

Այսօր իշխանական որոշ պատգամավորներ խոսեցին փորձի պակասից, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, վստահեցրեց՝ նա լինելու է հեղափոխական դատախազ։

Իսկ կկարողանա արդյո՞ք միայն իշխանական ուժի ձայներով ընտրված, ժամանակին վարչապետ Փաշինյանի օգնական աշխատած Վարդապետյանն անկախ ու անաչառ մնալ գլխավոր դատախազի դերում` հարցը մնաց անպատասխան։ Նորընտիր գլխավոր դատախազն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չշփվեց լրագրողների հետ։

6 տարով գլխավոր դատախազ ընտրված Վարդապետյանը կփոխարինի Արթուր Դավթյանին, որն այս պաշտոնին էր ընտրվել դեռևս ՀՀԿ-ի իշխանության օրոք։

XS
SM
MD
LG