Ոստիկանին հարվածելու կասկածանքով մայիսի 20-ից կալանավորված Իգոր Խաչատուրովի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որ մասնակցում էր ընդդիմադիրների հանրահավաքների, ձերբակալվել էր մայիսի 18-ին՝ մայիսի 17-ին Կիևան փողոցում անհանզանդության ակցիայի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով։ Քննչական կոմիտեն այն ժամանակ հայտնեց, որ ոստիկանը ստացած հարվածից կորցրել է գիտակցությունը։
Կոմիտեն այսօր նշել է, որ մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիայի մի խումբ մասնակիցներ փակել էին Երևանի Կիևյան փողոցի 15 հասցեի դիմացի երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ցուցարարները չեն ենթարկվել փողոցն ազատելու ոստիկանների հորդորներին, ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել: Այդ ընթացքում, ըստ Քննչական կոմիտեի, Իգոր Յուրիի Խաչատուրովը, ակցիայի մեկ այլ մասնակցի հետ, խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ Ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։
Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով [Իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ]։ Այս հոդվածով առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է։