Մատչելիության հղումներ

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է աբորտի սահմանադրական իրավունքը


Ցուցարարները հավաքվել են ԱՄՆ Գերագույն դատարանի մոտ, 24-ը հունիսի, 2022թ.
Ցուցարարները հավաքվել են ԱՄՆ Գերագույն դատարանի մոտ, 24-ը հունիսի, 2022թ.

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց 1973-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը՝ այդպիսով չեղարկելով աբորտի սահմանադրական իրավունքը: Այժմ անցանկալի հղիության ընդհատման հարցը կորոշվի նահանգներից յուրաքանչյուրի օրենսդրության մակարդակով։

«Սահմանադրությունը հղիության արհեստական ընդհատման իրավունք չի տալիս, իսկ աբորտը կարգավորելու իրավունքը վերադարձվում է ժողովրդին ու նրա ընտրված ներկայացուցիչներին», - ասված է պահպանողական մեծամասնությամբ դատարանի հաղորդագրությունում։

Ակնկալվում է, որ ԱՄՆ նահանգների մոտ կեսը աբորտների արգելք կամ սահմանափակումներ կունենա:

Գերագույն դատարանի որոշման հրապարակումից րոպեներ անց Միսսուրիի գլխավոր դատախազը ստորագրել է աբորտների արգելման օրենքը, նույն օրը աբորտների արգելքը ուժի մեջ է մտել նաև Հարավային Դակոտա նահանգում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բարձր դատարանի որոշումը որակել է «ողբերգական սխալ»՝ պնդելով, որ այդ վճռի հիմքում ընկած է «ծայրահեղական գաղափարախոսություն» և այն «խլում է ԱՄՆ-ի կանանց սահմանադրական իրավունքը»։ «Երկրում կանանց առողջությունն ու կյանքը այժմ վտանգված է», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Աբորտների արգելքի մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը բազմահազարանոց ցույցեր է հարուցել երկրի տարբեր նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG