Մատչելիության հղումներ

Ուկրաինացի բնապահպանը բանաստեղծություններ է գրում խրամատներում


Բնապահպան ակտիվիստ Պավլո Վիշեբաբան «Ազատության» ուկրաինական ծառայությունում, արխիվ
Բնապահպան ակտիվիստ Պավլո Վիշեբաբան «Ազատության» ուկրաինական ծառայությունում, արխիվ

Պավլո Վիշեբաբան ծառայության է անցել Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրը՝ չունենալով համապատասխան զինվորական գիտելիքներ։ Ավելի ուշ հայտնի ուկրաինացի բնապահպանը մեկնել է իր հայրենի Դոնբաս։ Առաջնագծում, երբ կարճատև հանգիստ է, Պավլոն թղթին է հանձնում իր տեսածն ու ապրումները։

Պավլոն դստերը պատերազմի մեկնարկից ի վեր չէր տեսել։ Այժմ նա մի քանի օր ունի ընտանիքի հետ անցկացնելու համար՝ նախքան առաջնագիծ վերադառնալը:

Աղջկան ուրախացնելու համար որոշել էր տուփից դուրս գալ. - «Ես խանութ գնացի և մի մեծ տուփ խնդրեցի, ծաղկավաճառի մոտից էլ մի քանի ժապավեն վերցրեցի։ Ամեն ինչ պատրաստ էր, և ես սպասում էի։ Կնոջս նախապես զգուշացրել էի, որ չվախենա, բայց աղջկաս համար կատարյալ անակնկալ էր»։

Նախքան պատերազմը Վիշեբաբան բնապահպան էր՝ կենդանիների պաշտպան: Պատերազմի առաջին օրից զորակոչվել է Դոնբաս, որտեղ ծնվել և մեծացել է։

«Հայրենի հողը պաշտպանելը լավագույն ծառայությունն է, որ կարելի է պատկերացնել», - ասում է Վիշեբաբան:

Առաջնագծում խաղաղ պահերին Վիշեբաբան բանաստեղծություններ է գրում, որոնք լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Պավլոն իր բանաստեղծություններից մեկը նվիրել է դստերը. - «Չգրես ինձ պատերազմի մասին: Պարզապես ասա՝ կա՞ արդյոք քեզ մոտ մի փոքրիկ այգի: Կարո՞ղ ես լսել ծղրիդների ձայնը։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպես են փոքրիկ խխունջները մտնում որթնատունկը»։

«Կարծում եմ՝ պոեզիան կարող է յուրահատուկ կամուրջ լինել առաջնագծի և թիկունքի մեր հայրենակիցների միջև: Իմ ընկերներից շատերն այդպես են ընկալում. նրանք իմ բանաստեղծություններն ուղարկում են իրենց կանանց՝ այդպիսով փոխանցելով նրանց իրենց զգացմունքները, քանի որ հաճախ այլ բառեր չեն գտնում», - ասում է Պավլո Վիշեբաբան:

Բանաստեղծություններ գրելուց բացի, Վիշեբաբան պատերազմի մասին նաև նմանօրինակ հումորային տեսանյութեր է պատրաստում՝ հարազատներին և ընկերներին հանգստացնելու համար. - «Երբ ձեր կինը, մայրը կամ ընկերուհին զանգահարում է ձեզ, դուք պետք է անմիջապես դնեք ձեր արևային ակնոցները, պառկեք խոտերին և պատասխանելով նրանց զանգերին ասեք. - «Այստեղ հիանալի է, այստեղ կարծես հանգստավայր լինի»:

Մի քանի օր տանն անցկացնելուց հետո Պավլո Վիշեբաբան կվերադառնա առաջնագիծ։ Նրա նպատակն է գոյատևել ու պահպանել իր մարդկայնությունը։

«Իհարկե, կարևոր է հետևել վերջին լուրերին, իմանալ, թե ինչ է կատարվում և օգնել Ուկրաինայի զինված ուժերին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այն ամենից, ինչը մարդկային է, այն ամենից, ինչը մեր առօրյայի մասն է կազմում՝ կյանքի պարզ ուրախությունները», - ասում է բնապահպան, բանաստեղծ Վիշեբաբան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG