Փառուխ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ներխուժումից մոտ 3 ամիս անց էլ դեռ բանակցություններ են ընթանում՝ ադրբեջանցի զինվորականներին ելման դիրքեր վերադարձնելու համար։ Երևանում «Ազատության» հարցին ի պատասխան, այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Պաշտոնյան, սակայն, չհստակեցրեց՝ բանակցություններն ո՞ւմ միջև են ընթանում՝ ռուսական խաղաղապահների ու Բաքվի, թե՝ այլ ձևաչափով, և արդյոք այս ընթացքում որոշակի արդյունքներ գրանցվե՞լ են։ Ավելի վաղ Ստեփանակերտից հայտնել էին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ են ընթանում բանակցությունները։
«Բանակցություններն ընթանում են: Մենք պետք է հասկանանք, որ ի դեմս Ադրբեջանի, այո, մենք ունենք երկիր, որն ատում է հայերին, բայց նաև շատ բան ունենք սովորելու իրենցից, առաջին հերթին, շատ համառ, շատ կազմակերպված ձևով մոտենում են և այդքան հետ չէ», - ընդգծեց Բաբայանը:
Անցած շաբաթավերջին Փառուխի դեպքերին Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատրյանն էր անդրադարձել։ Նա հայտարարել էր, թե ռուսական կողմն ընդունել է, որ թերացել է իր խաղաղապահ առաքելությունն իրականացնելիս։ Բաբայանը ճիշտ չի համարում մեղադրանքի սլաքները ռուսական կողմի վրա ուղղելը։ Արցախի արտգործնախարարը համոզված է՝ Փառուխում կատարվածը հարված էր ոչ միայն Արցախին, այլև՝ ռուս խաղաղապահներին։
«Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը, և դա անպատասխան չի մնալու՝ կապ չունի՝ երբ, որտեղ, բայց ընդհանրապես ահաբեկչությունը չպետք է անպատասխան մնա», - ընդգծեց Արցախի ԱԳ նախարարը:
Փառուխ գյուղացիները չեն կարողանում վերադառնալ, չնայած հայտարարվում է, որ գյուղը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է։ Փառուխի հարևանությամբ գտնվող Խրամորթում էլ միայն տղամարդկանց մի մասն է մնացել, որոշ գյուղացիներ գնում-գալիս են, ասում է գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ Ըստ նրա, խրամորթցի տղամարդիկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում։
«Ներկա դրությամբ տղամարդիկ աշխատում են իրենց առօրյա կյանքով, աշխատում են այգիներում, իրենց բոստանային կուլտուրաներում: Երկու օր սրանից առաջ 13 հատ ջերմոց են տեղադրել գյուղում և 60 հատ էլ պատվիրել ենք: Մեծամասնությունը ժողովրդի դեռ չի վերադարձել», - ասաց Աբրահամյանը:
Դավիթ Բաբայանը, որը Երևանում էր իր գրքի շնորհանդեսի համար, նաև անդրադարձավ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության հայտարարություններին, վերստին հաստատելով՝ պաշտոնական Ստեփանակերտի համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ։ Փաշինյանի կառավարությունից արդեն քանի ամիս է հայտարարում են՝ նախ պետք է արցախահայերի իրավունքները բարձրացվի, հետո նոր միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:
«Մեզ համար պարզ է, որ նախևառաջ բարդ է լինելու շուտափույթ կարգավորման հասնել, բայց նաև կարմիր գիծ է, որ Ադրբեջանի հետ մենք որևէ ձևով.... չենք կարող լինենք նրանց կազմում կամ նրանցից կախված ինչ-որ տեղ», - ասաց Արցախի արտգործնախարարը:
Բաբայանը Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքները համեմատեց համակենտրոնացման ճամաբարներում հրեաների իրավունքների հետ։
«Այնտեղ պահվող խեղճ ու կրակ մարդիկ ունեին և՛ իրավունքներ, և՛ ազատություններ. ունեին իրավունք քնելու մեկ ժամ, ունեին իրավունք քայլելու, ազատ էին իրենց բարաքներում մահճակալի մեջ պառկած աջ կամ ձախ կողմին պառկել: Սա էլ է իրավունք և ազատություն: Այ, Ադրբեջանում դրանից էլ վատ է լինելու», - ասաց Բաբայանը:
Ղարաբաղյան հակամարության կարգավորումը պաշտոնական Ստեփանակերտ շարունակում է տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ասում է Բաբայանը։ Արցախի արտգործնախարարի կարծիքովը՝ Մինսկի խումբը չի չեզոքացվել, սակայն սառեցման փուլում է. - «Հասկանալով, որ հիմա կա խնդիր Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ հարաբերությունները լարված են, շիկացած, դրա համար կարծես թե միասնական չեն հանդիպում, բայց առանձին-առանձին էլի իրենց պարտականությունները իրականացնում են»: