Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ շնորհելու առաջարկի առթիվ ինքը «չի նախանձում ոչ Ուկրաինային, ոչ էլ Մոլդովային»։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ժամանակ։
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան ծանրագույն իրավիճակում է գտնվում, այդ երկրի տարածքի 20 տոկոսը կորսված է, և պատերազմը շարունակվում է։ Մոլդովան ևս ծանր իրավիաճակում է։ Այն սահմանակից է Ուկրաինային, փախստականների մեծ հոսք կա։ Դա զգալիորեն մեծացրել է ռիսկերը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության ոլորտներում», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ վերջին բրյուսելյան հանդիպումների ընթացքում եվրոպացի պաշտոնյաները իրեն տեղյակ են պահել, որ Ուկրաինային և Մոլդովային առաջարկվելու է ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ շնորհել։
«Ես ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացի և մոլդավացի ժողովուրդներին՝ նրանց խաղաղություն և պետության միավորում մաղթելով», - նշել է Ղարիբաշվիլին։