Մատչելիության հղումներ

Ջոնսոնն առաջարկում է Ուկրաինային օգնության ծրագիր, որպեսզի Կիևը խաղաղություն հաստատի իր պայմաններով


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը զգուշացրել է, որ պետք է պատրաստվել Ուկրաինայում երկարատև պատերազմին, ինչպես նաև հայտարարել է Ռուսաստանի հետ առճակատման հարցում Կիևին աջակցելու երկարաժամկետ ռազմավարության անհրաժեշտության մասին:

Նա չորս կետից բաղկացած ծրագիր է առաջարկել, որին, իր կարծիքով, պետք է հետևեն արևմտյան երկրները, որպեսզի օգնեն Ուկրաինային խաղաղություն հաստատել իր պայմաններով։

«Մենք գիտենք, որ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայի մասնատման վրա: Անցյալ շաբաթ նա իրեն համեմատեց Պետրոս Առաջինի հետ և Ռուսաստանին տվեց «տարածքները վերադառնալու հավերժական իրավունք», տարածքներ, որոնք երբևէ բնակեցված են եղել «սլավոններով», դա դոկտրին է, որն արդարացնում է Եվրոպայում հսկայական տարածքների բռնագրավումը, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքները»,- նշել է Ջոնսոնը։

Ջոնսոնի խոսքով՝ Պուտինն այժմ անցել է քայքայման պատերազմի, սակայն ժամանակը նրա դեմ է աշխատում։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի` Արևմուտքը որպեսզի օգնի Ուկրաինային վերցնել նախաձեռնությունը, պետք է ապահովի Ուկրաինային բոլոր անհրաժեշտ զենքերով, զինամթերքով, ինչպես նաև մարզի նրա զինվորականներին։ Մասնավորապես, Բրիտանիան առաջարկել է 120 օրով 10000 զինվոր պատրաստել:

Արևմուտքը, նրա համոզմամբ, պետք է օգնի Ուկրաինային պահպանել իր պետական ինստիտուտների կայունությունը,
ապահովի ցամաքային երթուղիներ ուկրաինական սննդամթերքի արտահանման համար, նպաստի Ուկրաինայի ծովային նավահանգիստների ապաշրջափակմանը: Դրա համար Ջոնսոնն առաջարկել է համապատասխան զենք տրամադրել Ուկրաինային և դիվանագիտական ջանքեր գործադրել, այդ թվում՝ ՄԱԿ-ում։

Ջոնսոնի խոսքով՝ արևմտյան երկրների նպատակը պետք է լինի այն, որ Ուկրաինան «կարողանա ավարտել այս պատերազմը այն պայմաններով, որոնք կառաջարկի նախագահ Զելենսկին»։

XS
SM
MD
LG