Ադրբեջանի կառավարությունը փոփոխությունների է ենթարկում ընթացիկ տարվա «Պետական բյուջեի մասին» օրենքում՝ միջազգային շուկաներում նավթի գնի աճով պայմանավորված։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ 2022 թվականի բյուջեում նավթի գինը նախապես հաշվարկված էր 50 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի վրա։
Այժմ, ըստ ադրբեջանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, առաջարկվում է նավթի մեկ բարելի բազային գինը փաստաթղթում դարձնել 70 դոլար։
«Առաջարկվող փոփոխություններով մեծացվելու են բյուջեի ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային հոդվածները», - հաղորդում է «Ինտերֆաքս Ազերբայջանը»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, ի դեպ, կառավարության առաջարկված նոր գինը ավելի ցածր է լինելու, քան Ադրբեջանում արդյունահանվող նավթի իրական արժեքը միջազգային շուկաներում։
«2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Azeri Light տեսակի նավթի գինը երկրի սահմաններից դուրս կազմել է 106 դոլար՝ մեկ բարելի դիմաց», - հաղորդում է գործակալությունը՝ տեղեկացնելով, որ բյուջեում փոփոխություններ կատարելու մասին հարցը Միլի Մեջլիսի գլխադասային հանձնաժողովները քննարկելու են արդեն հունիսի 20-ին։