Հայաստանի աջակցությունը Արցախին 2021 թվականին աճել է 122 տոկոսով՝ 2019 թվականի համեմատ, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով, Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ 2021-2022 թվականներին «Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և Հայաստանի կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության»:
«Որպեսզի պատկերը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվականին Արցախի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամենաբարձր է եղել մինչպատերազմական ողջ շրջանում, այսինքն՝ 90-ականներից սկսած: Այս գումարից 57.8 մլրդ դրամը Հայաստանի կառավարությունն է վճարել: 2021 թվականին արդեն Արցախի բյուջեն՝ եկամտային մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը Հայաստանի Հանրապետության վճարած գումարն է», - ներկայացրեց վարչապետը՝ հավելելով, որ հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել:
2022 թվականին արդեն Արցախին Հայաստանի կառավարության միայն բյուջետային աջակցությունը կազմում է 160 մլրդ դրամ: Վարչապետի փոխանցմամբ՝ այս տարի անցած տարվա համեմատ, Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարն աճել է 32 մլրդ դրամով:
Այս միջոցներով, ըստ վարչապետի, Արցախում կենսաթոշակների ու նպաստների շուրջ 20 տոկոսանոց բարձրացում է տեղի ունեցել: Տեղի է ունենում նաև լայնածավալ բնակարանային շինարարություն:
«Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: