Մատչելիության հղումներ

Բաքուն փորձելու է նոր բան կորզել ռուս խաղաղապահների ժամկետը երկարացնելու դիմաց. Դավիթ Հովհաննիսյան


«Ազատությունը» հյուրընկալել է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանին։

«Ազատություն». - Այսօր աշխարհում կա՞ն այնպիսի երաշխիքներ, որ եթե Ադրբեջանը ասի, իսկ արդեն ասում է, որ շատ լավ, ինչ իրավունք ուզում եք, կտանք, հայ մնացեք, լեզու, դպրոց, մշակութային ինքնավարություն, բայց Ադրբեջանի կազմում լինի։

Հովհաննիսյան. - Որևէ երաշխիք չկա էդտեղ։ Ընդհակառակը, մեր փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կազմում հայությունը դժվար թե կարողանա ապահովել իր համար ոչ միայն բարեկեցիկ, այլև անվտանգ գոյություն։ Եվ այդ տեսանկյունից նույնպես չափազանց կարևոր է, որպեսզի մենք բոլոր այդ հանցագործությունները, որոնք իրականացվել են հայության նկատմամբ և' պատերազմի ժամանակ, և' մինչև Ղարաբաղյան շարժման սկիզբը Սովետական Միության շրջանակներում, այդ ամենը պետք է գրագետ իրավաբանական ձևակերպումներով, լավ, ճիշտ փաթեթավորված ներկայացվի, և անպայման միջազգային հանրությանը տարբեր իրավական որոշումների միջոցով ներկայացվի։

«Ազատություն». - Դուք ի՞նչ ռիսկեր եք տեսնում, եթե Երևանը տեղի տա Ստեփանակերտի, նաև հրապարակի ընդդիմության պահանջին և ասի՝ այո, կարմիր գիծ եմ քաշում, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և վերջ։ Նոր միայն կբանակցեմ։

Հովհաննիսյան. - Ներկա իրավիճակում մեր հնարավորությունները շատ քիչ են, և մենք պիտի օբյեկտիվորեն հիմնվենք այդ հնարավորությունների վրա։ Այդ հնարավորությունները հիմնականում մեզ համար կայանում են հնարավորինս երկար ժամանակ ունենալու մեջ։ Եթե դու հիմա ինչ-որ կտրուկ բաներ ես ասում, դա կարող է դիտարկվել նաև որպես կազուս բելի, նոր պատերազմ... Բայց բացի ժամանակից, մեզ պետք է նաև արխայիկ մտածելակերպից մի քիչ հրաժարվել և փորձել այնուամենայնիվ միավորել մեր ջանքերը, մեր էներգիան և մեր հնարավորությունները՝ եթե դա կարողանանք գիտակցել։ Որովհետև այլանդակ բաներ են տեղի ունենում. Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյային դիմավորում են էնպես, ինչպես թշնամական երկրի ներկայացուցչին։ Սա, ինձ թվում է, անթույլատրելի է։ Սա նշանակում է պետություն չհասկանալ։ Նման բաներից եթե մեզ զերծ պահենք, եթե շատ զգույշ աշխատենք, եթե կարողանանք օգտագործել այն հակասությունները, որոնք ակնհայտորեն կան հենց այս մեր փոքրիկ բջիջում՝ Հարավային Կովկաս կոչվածում, եթե մենք հասկանանք, թե մեր աշխարհաքաղաքական դիրքը նույն այդ ենթակառուցվածքների բացման-փակման հետ կապված որքանով և ում համար է կարևոր, և ինչպես մենք կարող ենք դա աշխատացնել։ Սա մեր օգտին կլինի՝ եթե կարողանանք։, եթե հասկանանք։

«Ազատություն». - Հանկարծ չստացվի, որ այդ Ձեր ասած ժամանակը շատ արագ սպառվի, և ասենք երկուս ու կես տարուց Ադրբեջանը օգտվի Ռուսաստանի էս անկյուն մղված վիճակից և խաղաղապահներին ասի՝ պայմանագրային իմ իրավունքից օգտվում եմ, բարի ճանապարհ։

Հովհաննիսյան. - Մի կասկածեք, որ այդպես էլ լինելու է։ Նույնիսկ եթե Ռուսաստանը չափազանց ուժեղ վիճակում լինի, Ադրբեջանը անշուշտ դա սկսելու է, որովհետև դա հերթական բանակցությունների և սակարկության հնարավորություն է տալու։ Մենք դրան պիտի պատրաստ լինենք։ Դիվանագիտության տեսության մեջ երկու կարևոր հասկացություն կա։ Մեկը կոչվում է լավագույն այլընտրանքի։ Այ էդ լավագույն այլընտրանքի ձևակերպումը մենք պիտի տանք։

«Ազատություն». - Ես ճի՞շտ հասկացա Ձեր խոսքից, որ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորախմբի ժամկետի երկարացման համար փորձելու է կորզել ինչ-որ բան։

Հովհաննիսյան. - Անպայման։ Ռուսները փաստորեն 44-օրյա պատերազմից միակ բանը, որ ասում են, այն է, որ մենք խաղաղապահ ունենք տեղադրված այս տարածքում։ Այդ մի բանը իրենք ձգտելու են պահել, պահպանել։ Ինչի՞ դիմաց։ Մի բան պիտի տաս, որ մի բան ստանաս։ Այո, Ադրբեջանը դա, բնականաբար, քննարկելու է, սակարկելու է։ Ու մենք պիտի պատրաստ լինենք դրան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG