Մատչելիության հղումներ

Վրաստանը հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերթական անգամ բացառել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումը` պնդելով, որ դա հակասում է երկրի ազգային շահերին։

«Եվրամիությունը Ռուսաստանին ամեն օր մեկ միլիարդ դոլար է վճարում։ Պատերազմի սկզբից ի վեր 90 միլիարդ դոլար է մտել Ռուսաստան այն առևտրի արդյունքում, որը դեռևս Եվրոպան ունի Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին և հավելել, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը Վրաստանի համար կնշանակի «խզել առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»։

Վրաստանի առաջնորդի խոսքով` դա անխուսափելիորեն կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանում բնակվող մեկ միլիոն վրացիների, այլև Վրաստանի չորս միլիոն քաղաքացիների վրա։

«Ինչ է` մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ այստեղ մարդիկ չեն ապրում, թե՞ վրաց ժողովուրդը նորից ուզում է պատերազմ, ճնշում, տարածքների, պետականության կորուստ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վրաստանի ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ Բրյուսելից «արդար որոշման» է սպասում Եվրամիության անդամ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում։

«Եթե որևէ մեկին հասնում է թեկնածուի կարգավիճակ, ապա դա Վրաստանն է, հետո Ուկրաինան և Մոլդովան: Երբ ասում են` Ուկրաինան պատերազմական վիճակում է և դրա համար պետք է կարգավիճակ ստանա, ես ներողություն եմ խնդրում, եթե կարգավիճակի շնորհումը պատերազմով է որոշվում, ուրեմն մենք պատերազմ չենք ուզում, ընկերնե՛ր։ Մենք պահանջում ենք արժանի կարգավիճակ, որը վրաց ժողովուրդը վաստակել է ավելի քան 30 տարվա պայքարի և ժողովրդավարության կառուցման և վերջին 9 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների շնորհիվ»,- հայտարարել է Վրաստանի առաջնորդը:

XS
SM
MD
LG