Մատչելիության հղումներ

Աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ շատ մեծ է. SIPRI


Աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ավելի մեծ է, քան երբևէ եղել է սառը պատերազմից ի վեր, փաստում է Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտը (SIPRI) իր տարեկան զեկույցում։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ այս վտանգն առկա է, չնայած այն փաստին, որ վերջին տարում զգալի առաջընթաց է գրանցվել միջուկային սպառազինությունների վերահսկման և զինաթափման ոլորտում։

Աշխարհում զինված հակամարտությունները, սպառազինության մակարդակն ու զենքի միջազգային առևտուրն ուսումնասիրող ինստիտուտի փորձագետները նկատում են, որ 9 միջուկային տերությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը և Հյուսիսային Կորեան շարունակում են արդիականացնել իրենց միջուկային զինանոցը։ Ու թեև միջուկային զենքի ընդհանուր թիվը փոքր-ինչ նվազել է 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը, այն ամենայն հավանականությամբ կաճի հաջորդ տասնամյակում:

Այս տարեսկզբի դրությամբ 12 հազար 705 մարտագլխիկներից մոտ 9440-ը գտնվում էին ռազմական պահեստներում՝ հնարավոր օգտագործման համար։ Դրանցից մոտ 2000 միավորը, որոնք գրեթե բոլորը պատկանում էին Ռուսաստանին կամ Միացյալ նահանգներին, գտնվում էին բարձր պատրաստվածության վիճակում:

Միջուկային պետությունների ակումբ համարվող Հնգյակի բոլոր անդամները՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը շարունակում են ընդլայնել կամ արդիականացնել իրենց միջուկային զինանոցները և, ըստ երևույթին, մեծացնում են միջուկային զենքի կարևորությունը իրենց պաշտպանական ռազմավարություններում: Իսկ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի ընթացքում նույնիսկ բացահայտորեն սպառնացել էր միջուկային զենքի հնարավոր կիրառմամբ։

Ռուսաստանը և ԱՄՆ-ը միասին տիրապետում են միջուկային զենքի համաշխարհային պաշարների ավելի քան 90 տոկոսին։

Հայտնի պատմաբան Յուրի Ֆելշտինսկին «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է՝ թեև երկու միջուկային գերտերությունների միջև պատերազմն այս պահին քիչ հավանական է թվում, Ռուսաստանի նախագահը կարող միջուկային հարված հասցնել Եվրոպային, ընդ որում՝ օգտագործեելով Բելառուսի տարածքը։

Սա, ըստ պատմաբանի, հավանական սցենար է ուկրաինական պատերազմի ձգձգման դեպքում։ Առանց ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցության ուկրաինական բանակը ռուսական ուժերին հաղթել ի վիճակի չէ, ընդգծում է Ֆելշտինսկին՝ հավելեով, թե չի բացառվում, որ Մոսկվան որոշի տակտիկական միջուկային զենք կիրառել հենց Ուկրաինայում. - «Այս պահին, կարծում եմ, Պուտինը չի մտածում, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կարող է միջուկային պատերազմ սկսել։ Կարծում եմ, որ Պուտինի գլխում բոլորովին այլ սցենար է։ Այն բանից հետո, երբ բոլորը տեսնեն, թե ինչ կործանման է ընդունակ ռուսական բանակը, երբ բոլորը տեսնեն, որ ռուսական բանակին բացարձակապես չի հետաքրքրում, թե այդ ընթացքում իր մարդկանցից քանիսին կկորցնի, երբ բոլորը տեսնեն, որ Ռուսաստանը պատրաստ է սեղմել միջուկային կոճակը, բոլորը վերջապես կհանձնվեն։ Բայց եթե չհանձնվեն, ուրեմն ռոսւները ստիպված են լինելու սեղմել միջուկային կոճակը»։

Ռուսաստանցի պատմաբանը, ի տարբերություններ շատերի, չի կարծում, թե խնդիրը բացառապես Պուտինի անձն է, նա պնդում է, որ Ռուսաստանն այսօր կառավարում են հատուկ ուժերը, և սա աննախադեպ իրավիճակ է, երբ հսկա երկրի բանակն ամբողջության պետական անվտանգության ծառայությունների ձեռքում է։

Ֆելշտինսկին կարծում է, որ այսօր միջուկային կոճակի սեղանի մոտ Ռուսաստանում կանգնած են մարդիկ, ովքեր վաղուց պատրաստ են մրցակցել Արևմուտքի հետ, ովքեր չեն վախենա միջուկային պատերազմ սկսելուց. - «Որովհետև նրանք այդպես են ցանկանում պատմության մեջ մտնել որպես մարդիկ, ովքեր չվախեցան միջուկային պատերազմ սկսելուց և հաղթեցին Արևմուտքին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG