Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրավիճակը «միանշանակ հիմնական խնդիրն է»։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում հայտարարեց «Քարնեգի» հետազոտական կենտրոնի եվրոպական բաժանմունքի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:
«Եթե նայեք Բաքվի ու Ստեփանակերտի դիրքորոշումներին, ապա կտեսնեք, որ դրանք լրիվ հակադիր են։ Բաքուն ոչինչ չի առաջարկում, ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այլևս գոյություն չունի որպես տարածքային միավոր, այլևս չկա ինքնավարության առաջարկ։ Իսկ Ստեփանակերտն ասում է՝ մեզ նույնիսկ ինքնավարությունը չի հետաքրքրում, մենք ոչ մի կերպ չենք ուզում լինել Ադրբեջանի կազմում», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Երևանի դիրքորոշումն, իհարկե, ամենահետաքրքիրն է։ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը հիմնարար քաղաքականության վերանայում էր Ղարաբաղի հարցում: Կարծում եմ՝ դա արտացոլում էր 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը ու այն փաստը, որ Երևանն այլևս իրականում չունի այն վերահսկողությունը Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչ նախկինում ուներ։ Նրանք կորցրել են Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքները, այնտեղ այլևս հայ զինվորականներ չկան։ Հայ պաշտոնյաներն անգամ չեն կարողանում պատշաճ կերպով այցելել Ղարաբաղը։ Մերթընդմերթ ինչ-որ այցելություններ լինում են»:
«Այսպիսով, Երևանը կորցնում է նախկինում ունեցած վերահսկողությունը։ Այնպես որ, կարծում եմ, որ առանցքային արտահայտությունը Փաշինյանի այդ ելույթում վերաբերում էր այնտեղ ապրող մարդկանց իրավունքների ու անվտանգության երաշխիքներին, որպեսզի նրանք կարողանան այնտեղ մնալ», - ընդգծեց դը Վաալը: - «Ես նկատեցի, որ Փաշինյանը դա օգտագործել է, և Շառլ Միշելը ևս սկսել է օգտագործել այդ արտահայտությունը։ Տոյվո Կլաարն էլ է օգտագործել այն»։
Դե Վաալը հիշեցրեց, որ որոշ հայ մեկնաբանների քննադատության թիրախ է դարձել, երբ մեծ հոդված է գրել՝ նշելով, որ տնտեսական և էներգետիկ առումով Ղարաբաղի ապագան Ադրբեջանի կազմում է. - «Սա մի մեկնաբանություն էր, որը շատ հայերի դուր չեկավ։ Բայց հարցը, որ ես նրանց կտամ, հետևյալն է. ապագայում Ղարաբաղի հայերը որտեղի՞ց պետք է ստանան իրենց ջուրը, հոսանքը, հեռահաղորդակցությունը և, հավանաբար, նաև գազը: Հարցն այն է՝ կարո՞ղ են անվերջ ապավինել Հայաստանին, թե՞ պետք է սկսել ինչ-որ համագործակցություն Ադրբեջանի ներսում»։
«Էներգետիկայի և տնտեսության հարցերի վերաբերյալ հարցերում իմ պատասխանն է՝ այո, նրանք պետք է սկսեն գիտակցել, որ իրենց ներկայիս կարգավիճակով հաստատ չեն կարող գոյատևել։ Նրանք պետք է ունենան այլ կարգավիճակ, որը, կարծում եմ, ենթադրում է համագործակցություն Ադրբեջանի հետ, ինչ-որ տնտեսական ինտեգրում Ադրբեջանի հետ որոշակի հարցերի շուրջ, և, կարծում եմ, ամենակարևորը, ինչպես ասում են Փաշինյանն ու Շառլ Միշելը, պետք է ունենան որոշակի միջազգային երաշխիքներ իրենց ապագայի, անվտանգության համար։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այս ամենը պարտադիր է», - նշեց փորձագետը:
Միաժամանակ, նա նշեց, որ դեռ շատ ճանապարհ կա դրան հասնելու համար: «Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը ներկայումս փոխում է իր դիրքորոշումը հրապարակայնորեն: Կարծում եմ՝ մասնավոր պայմաններում լուրջ քննարկումներ են ընթանում։ Կարծում եմ՝ հենց այստեղ է բանավեճը։ Այն Ղարաբաղի ապագային է վերաբերում։ Բայց կարևոր է, որ այն սկսվել է, և կարծում եմ, որ այժմ իրականում անհրաժեշտ է ինչ-որ երկխոսություն Բաքվի և Ստեփանակերտի միջև: Միգուցե դա տեղի է ունենում մասնավոր պայմաններում: Ես պարզապես չգիտեմ դրա մասին: Միգուցե այս բոլոր շատ բարդ հարցերի շուրջ ինչ-որ երկխոսություն այնուամենայնիվ ընթանում է», - ասաց Թոմաս դը Վաալը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.