Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրների հարցերով բարձրաստիճան բանագնաց Չո Սոն Հուին նշանակվել է արտաքին գործերի նախարար: Այդ մասին այսօր հաղորդել է Հյուսիսային Կորեայի պետական մամուլը:
Որոշումն ընդունվել է երկրի իշխող քաղաքական կառույցի՝ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում, որը տեղի է ունեցել հունիսի 8-ից հունիսի 10-ը մայրաքաղաք Փհենյանում:
Չո Սոն Հուին Հյուսիսային Կորեայի առաջին կին արտգործնախարարն է:
Նշանակման որոշումը կայացվել է մի ժամանակաշրջանում, երբ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է իրականացնել միջուկային 7-րդ փորձարկումը և զգուշացրել է, որ այդ դեպքում ՄԱԿ-ում կարծարծի Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում ուղիղ չի խոսել միջուկային փորձարկման մասին, սակայն ասել է, որ երկիրն ամեն բան կանի պաշտպանությունը հզորացնելու համար: