Ադրբեջանում նախապատրաստվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ադրբեջանի մի քանի քաղաքացիներ, մասնավորապես, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ վստահված անձինք են եղել տեղամասերում, պատմել են, որ «հանրաքվեի համար գաղտնի աշխատանքներ են սկսվել»․ իշխանությունները իրենց կանչել են և կարգադրել աշխատավարձի համար բանկային հաշիվներ բացել:
Զուգահեռաբար, ճշտվում են ընտրացուցակներն ու ներկայացվում տեղական ինքնակառավարման մարմիններ: BBC-ն, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այս հարցով դիմել են Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, սակայն, մինչ օրս պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն ստացել: Այն, որ նախապատրաստվում է հանրաքվե, հաստատել է նաև ընդդիմադիր Yeni Müsavat լրատվամիջոցի հիմնադիր Ռաուֆ Արիֆօղլուն՝ վկայակոչելով կառավարության իր աղբյուրները։
Ըստ նրա տեղեկությունների, իշխանությունները մտադիր են փոխել ընտրակագը և հնարավորություն տալ, որ համամասնական ցուցակներով՝ տեղերից ավելի շատ պատգամավորներ գան խորհրդարան։
Պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունները դեռ չեն հաստատում, սակայն Արիֆօղլուն պնդում է՝ դրանք արդեն քննարկվել են իշխանական վերին օղակներում։
Հակասական են տեղեկությունները նաև շարժառիթների վերաբերյալ։ Արիֆօղլուն, օրինակ, պնդում է, թե նախաձեռնության նպատակն է ամրապնդել ժողովրդավարությունը, այդ թվում՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո։
«Պաշտոնական Բաքվի համար կարևոր է ադրբեջանի քաղաքացիություն տալ հայերին և վերականգնել Ադրբեջանի իշխանությունը Ստեփանակերտում և հարակից շրջաններում: Այսօրվա համակարգը դա թույլ չի տալիս, անհրաժեշտ են փոփոխություններ ոչ միայն ընտրական օրենսգրքում, այլև սահմանադրության մեջ», - ասել է Արիֆօղլուն, պնդելով, թե այս հարցը քննարկվել է Ալիևի և Փաշինյանի բրյուսելյան բանակցությունների ընթացքում:
«Նման հարց օրակարգում ընդհանրապես չկա». իշխանական պատգամավոր
Պաշտոնական աղբյուրները, սակայն, չեն հաստատում, որ փակ դռների ետևում նման հարցեր են քննարկվում։ Իշխանական պատգամավորները միահամուռ պնդում են, թե Ադրբեջանի Սահմանադրությունը արդեն իսկ երաշխավորում է այլազգիների, այդ թվում՝ հայերի իրավունքները։
«Նման հարց օրակարգում ընդհանրապես չկա»,- «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է Միլի մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Զահիդ Օրուջը:
«Ադրբեջանում ընտրությունները էթնիկական ծագման հետ կապված չեն: Օրինակ՝ Բելգիայում 30 հազար թուրքական համայնքը թուրք պատգամավորներ է ընտրում: Ճիշտ է, մեր խորհրդարանում կան ռուսներ, լեզգիներ, բայց նրանք իրենց համայնքների կողմից չեն ընտրվել: Հատուկ լեզգիների կամ թալիշների համար ընտրական շրջաններ չեն ստեղծվել: Նմանօրինակ պրակտիկան Ադրբեջանին հատուկ չէ», - ասել է պատգամավորը:
Չնայած պաշտոնյաների հերքումներին, քաղաքագետ Ազեր Քասըմլըն էլ է լսել սպասվող հանրաքվեի մասին։ BBC-ի հետ զրույցում, սակայն, նա պնդել է, թե դա կապված է ոչ թե Ղարաբաղի, այլ առհասարակ քաղաքական համակարգի, այդ թվում՝ համամասնական ընտրակարգի վերականգնման հետ:
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության պատգամավոր Ալի Քերիմլին ևս ասել է, թե մոտալուտ հանրաքվեի մասին խոսակցություններ կան։ Ամեն ինչ, սակայն, արվում է գաղտնի, ասել է նա։
«Ադրբեջանական իշխանություններից պահանջում եմ անհարգալից չլինել և հանրային քննարկման ներկայացնել հնարավոր փոփոխությունները: Ճիշտ չէ հատկապես ամռան ընթացքում հանպատրաստից մարդկանց ընտրության առաջ կանգնեցնել», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
1995-ին ընդունված Ադրբեջանի Սահմանադրությունը 3 անգամ է փոփոխվել, վերջին անգամ վեց տարի առաջ՝ 2016-ի սեպտեմբերին: Մի դեպքում նույն անձին թույլատրվեց նախագահի պաշտոնում առաջադրվել ավելի քան երկու անգամ: Այնուհետև նախագահի պաշտոնավարման ժամկետը դարձավ 7 տարի, ինչպես նաև ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը: