ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեկ ասել է, որ Ուկրաինայում պատերազմի գլոբալ հետևանքներն ավելանում են, ինչը կարող է ազդել 1,6 միլիարդ մարդու վրա:
«Պատերազմի ազդեցությունը պարենային անվտանգության, էներգետիկայի և ֆինանսների վրա համակարգային է, լուրջ և արագացող», - ընդգծել է Գուտերեշը՝ ներկայացնելով Ուկրաինայում պատերազմի հետևանքների վերաբերյալ ՄԱԿ-ի երկրորդ զեկույցը։
Նա հավելել է, որ պատերազմը սպառնում է ամբողջ աշխարհում սովի և աղքատության աննախադեպ ալիքով, ինչի հետևանքով սոցիալական և տնտեսական քաոս կարող է առաջանալ:
Գուտերեշն ասել է, որ այս տարի պարենային ճգնաժամը պայմանավորված է հիմնական սննդամթերքի «հասանելիության բացակայությամբ», իսկ հաջորդ տարի «կարող է կապված լինել սննդի պակասի հետ»: