Մատչելիության հղումներ

Կալանավորումներ և խափանման այլ միջոցներ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների դեպքով հարուցված քրգործով


Կառավարական առանձնատների մոտ անցած ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի ՀՀ Ազգային Ժողով:

Հավաքի մասնակիցները, ըստ հաղորդագրության, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը:

Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ: Ակցիայի մասնակիցների գործողությունները կասեցվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում:

Անհնազանդության ակցիաների կազմակերպիչներն էլ բախումների համար մեղադրում են ոստիկանությանը:

XS
SM
MD
LG