Ռուս անվանի լրագրող Ալեքսանդր Նևզորովը և նրա կինը՝ Լիդիան, Ուկրաինայի քաղաքացիություն են ստացել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ լուրը հաստատել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
«Ալեքսա՛նդր և Լիդիա՛, շնորհակալ ենք ձեր խիզախության և ազնվության համար, այս պատերազմը կանգնեցնելու և իրական վիճակը ճշմարիտ գնահատելու համար»,- հայտարարել է Գերաշչենկոն:
«Ես անչափ երախտապարտ եմ Ուկրաինայի տանջված, հուսահատված, արնաքամ մարդկանց, որ թույլ տվեցին տեղ գրավեմ նրանց շարքում»,- հայտարարել է Նևզորովը:
Լրագրողն իր Տելեգրամ ալիքում բացատրել է դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
«Եթե 140 միլիոն ռուսաստանցիներից յուրաքանչյուրն իրենով փակեր պատին կանգնեցված Ուկրաինան, չէր լինի Բուչայի սպանդը, չէր լինի Մարիուպոլը, չէին լինի հարյուր հազարավոր մահեր, և միլիոնավոր մահեր, որ դեռ կլինեն խելքը կորցրած բռնապետի պատճառով: Այո, դժվար է կանգնել գնդակահարման դատապարտվածների շարքը, երևի ավելի հեշտ է լինել գնդակահարողների շարքում: Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Պետք է հասկանալ, որ երրորդ տարբերակը գոյություն չունի: Ես կանգնում եմ զոհի կողքին»,- գրել է Նևզորովը:
Ուկրաինայի օրենքով երկքաղաքացիությունն արգելվում է, սակայն Նևզորովի պարագայում, հավանաբար, բացառություն է արվել:
Կրեմլի հայտնի քննադատ Նևզորովը պատերազմի առաջին իսկ օրվանից խստորեն դատապարտել է հարձակումն Ուկրաինայի վրա:
Ռուսաստանում նա հեռակա կարգով ձերբակալվել է և հայտարարվել է հետախուզման մեջ «բանակը վարկաբեկելու» հոդվածով: