Ուրուգվացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» փաստավավերագրական ֆիլմի ներկայացումը տեղի ունեցավ Ազգային աուդիտորիումի գլխավոր դահլիճում՝ մեծաթիվ հանդիսատեսի ներկայությամբ։
Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության՝ Հարավային Ամերիկայում ունեցած հետևանքներին և Արցախի հակամարտությանը։ Նկարահանումներ են իրականացվել գրեթե բոլոր մայրցամաքներում, այդ թվում՝ Արցախի առաջնագծի հայկական կողմում։
Հանդիսության ընթացքում, որում ներկա էին Ուրուգվայի կառավարության և խորհրդարանի անդամներ, Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը ֆիլմի հեղինակին հանձնել է Արցախի պետնախարարի հուշամեդալը՝ գնահատելով կատարված աշխատանքը։
«Ազատությանը» հայտնի է դարձել, որ Ադրբեջանի դեսպանատունը խնդրել է Ուրուգվայի իշխանություններին մերժել ֆիլմի ներկայացումը պետական նշված սրահում, սակայն պատասխան է ստացվել, որ ձեռնարկն իրականացվել է՝ հարգելով մասնավոր իրավունքի կանոնները։