Մատչելիության հղումներ

«Ոչ ոքի չեմ պատմել, քանի որ ինձ են մեղադրելու». ինչո՞ւ են բռնության զոհ դարձած կանայք ենթարկվում հանրային պարսավանքի


Գիշերը` ժամը 04։0-ին, ռեստորանային համալիրներից մեկի հետնամասում տղամարդը բռնաբարել է երիտասարդ կնոջը։ Օրերս մամուլում հայտնված այս լուրը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ. հատկապես սոցիալական ցանցերում շատերը կնոջն էին մեղադրում, թե ինչ գործ ունի այդ ժամին դրսում, 250-ից ավելի մարդ այդ լուրը զավեշտալի էր համարել։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատողն ասում է՝ սեռական բռնության ենթարկված կանայք հիմնականում հենց այսպիսի վերաբերմունքի պատճառով են լռում։ Անուշ Գաբրիելյանը պնդում է՝ եթե ընտանիքում դաստիարակությունը փոխվի, գուցե պատկերն այլ լինի. «Կարգավորումներ կան, այսպես ասած, որ դրվում են մանկուց մարդու մեջ, որովհետև ինքն այդ հասարակությունում է մեծանում, ինքն է դաստիարակում տղա կամ աղջիկ, ինքը այդ տալիս է, եթե դու ուզում ես, գնա, վերցրու, կամ հակառակը` աղջիկներին չեն սովորեցնում չէ՞, պիտի համեստ լինես, պիտի չպատասխանես, պիտի զուսպ պահես քեզ, ու երբ արդեն գալիս է պատասխանելու, ինքնապաշտպանվելու պահը, չի աշխատում այդ ռեֆլեքսը: Մանկուց ոնց են պատկերացնում, սեռական դաստիարակությունը, որ սահմանների մասին բացարձակ չկա խոսակցություն, որ պիտի հարգես դիմացինիդ սահմանը, պիտի իր կարծիքը հաշվի առնես, համաձայնությունը պիտի հաշվի առնես, չկա», - ասաց նա:

Ներկայանալ չցանկացած մի կին «Ազատությանը» պատմեց՝ սեռական բռնության է ենթարկվել տղամարդու կողմից, որին վստահել է, հանդիպել են մի քանի անգամ։ Երբ տղամարդն իրեն սրճարան է հրավիրել, տեղ հասնելուն պես է նկատել, որ դա հյուրանոց է, բայց տղամարդն անգամ վիրավորվել է, երբ ինքը հարցրել է՝ արդյո՞ք իր հետ ոչինչ չի պատահի։ Սրճելուց հետո տղամարդը ուժ է կիրառել կնոջ նկատմամբ ու բռնաբարել` ըստ նրա:

Դեպքից մեկ տարի է անցել, բայց կնոջ հարազատները ոչինչ չգիտեն, ասաց՝ հասարակության վերաբերմունքն իրեն կկործանի, առանց այդ էլ դժվար է վերականգնվում. «Բղավում էի, լացում էի, իրեն էլ խնդրում էի, ասում էի, որ ինքը ինձ թողնի: Ես ոչ մեկին չեմ ասել: Եթե ես ասեմ, ոչ մեկն էլ ինձ աջակցություն չի տա, ինձ են մեղադրելու: Այդ րոպեին արդեն ինձ համար ոնց որ մեկ էր` իմ հետ ինչ կլինի դրանից հետո», - պատմեց նա:

Կինը միայն նեղ մասնագետների միջոցով է կարողացել գործն իրավապահներին հասցնել, գաղտնիությունն ապահովված է, ասաց, բայց ոստիկաններն ու քննիչներն, ասում է, իրեն այնպես են վերաբերվել, որ եթե կողքին չլիներ սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի փաստաբանը, հոգեբանն ու սոցիալական աշխատողը, դժվար թե մինչև վերջ գնար։

«Ինձ նվաստացած էի զգում: Սենց հարցեր էր տալիս` այդ օրը դուք բաց էի՞ք հագնված, ու ես ասացի` նորմալ եմ հագնված եղել, ինձ մեկ էլ այս հարցը տվեց` ինչի՞ եմ ես գնացել այդ տեղը: Ասացի` գիտեք ինչ, ես իրավունք գտնվել ցանկացած վայրում, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկն իրավունք ունի ինձ վրա հարձակվել: Ասաց` կգնաս, տենց քեզ կպահես այնտեղ, որտեղից որ եկել ես», - պատմեց նա:

Կենտրոնից ասացին՝ թեև կնոջ մարմնին կապտուկներ են եղել, հեռախոսային ձայնագրություններ, որտեղ տղամարդը չի հերքել, որ կնոջ կամքին հակառակ է նրա հեռ սեռական հարաբերություն ունեցել, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, որովհետև առերեսման ժամանակ տղամարդն ասել է, թե կինը դեմ չի եղել իր հետ հարաբերություններին: Տղամարդը մինչև գործի կարճումն այդպես էլ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել։

Իրավապահներից շատերն, ըստ Անուշ Գաբրիելյանի, նույնպես կաղապարված մոտեցումներ ունեն, երբեմն վիրավորական հարցեր են տալիս. «Ամբողջ պրոցեսում ինքն ստիպված է ինչ-որ քոմենթների հանդիպի, գիտես` բռնաբարությունը բռնի բարիք գործել է, կամ դու չգիտեիր, որ դու մի տեղ տարածքում ես հայտնվում տղամարդու հետ, տղամարդը կարող է գրգռվի: Դա մասնագետի, իրավապահ համակարգում էլ բարձր պաշտոն զբաղեցնող մարդու խո՞սք է»:

Ինչո՞ւ են հատկապես սեռական բռնության ենթարկված կանայք նվաստացուցիչ վերաբերմունքի արժանանում, «Ազատության» հարցին ոստիկանությունից արձագանքեցին՝ յուրաքանչյուր դեպքով պատշաճ ուսումնասիրություն ու քննություն է կատարվում, համապատասխան ընթացք տրվում։ Ոստիկանությունից նման իրավիճակներում հայտնված անձանց խորհուրդ են տալիս դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Իսկ Քննչական կոմիտեի մամուլի նախագահի խոսնակ Վարդան Թադևոսյանը, որ մեկ տարի է, ինչ զբաղեցնում է այս պաշտոնը, զարմացավ մեր հարցից. «Հավատացեք, որ առաջին անգամ ես այս մեկ տարվա ընթացքում լսեցի, որ նման վերաբերմունք է եղել քննիչների կողմից: Եթե նման դեպք գրանացված լիներ, անպայման գոնե իրավապաշտպանների կամ փաստաբանների կողմից բողոք կլիներ, բայց նման բողոք մենք չենք ստացել: Նաև ծառայողական քննություն չի եղել»:

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի տվյալներով՝ միայն այս տարի իրենց արդեն 7 կին է դիմել, իսկ անցած տարվա ընթացքում՝ 34։ Վերջին 7 տարիներին սեռական բռնության ենթարկված 42 կին է իրավական ու հոգեբանական աջակցության համար դիմել այս կենտրոն, դատարանում, սակայն, ընդամենը 3 գործ են շահել։ Իսկ Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ 395 քրեական գործ է քննվել, այս շարքում, սակայն, սեռական բռնության միայն մեկ դեպք է եղել։

Իրավապաշտպաններն ասում են՝ պատճառը հասարակական հալածանքն է, թե զոհն է առիթը տվել, որ իրեն բռնաբարեն, իսկ այսպիսի իրավիճակներում հայտնված կանայք, ըստ նրանց, շարունակում են լռել կամ խոսել անանուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG