Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտարարում է, թե պատրաստ է դիմակայել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթին


Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, թե երկիրը պատրաստ է դիմակայել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթին, և վստահ է, որ կմնա հուսալի առևտրային գործընկեր համաշխարհային ասպարեզում։

Նախօրեին` մեկուկես ամիս տևած բանակցություններից հետո, Եվրամիությունը հերթական պատժամիջոցները սահմանեց, որի առանցքային կետը նավթի ոչ ամբողջական էմբարգոն է Ռուսաստանի դեմ։ Էմբարգոյից ժամանակավորապես հրաժարվել են Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Բուլղարիան։ Ռուսական հումքի խոշորագույն սպառողները՝ Գերմանիան և Լեհաստանը, կդադարեցնեն ներմուծումը, ըստ ծրագրի, մինչև տարեվերջ, ինչը մեծ հարված կլինի ռուսական տնտեսության համար, քանի որ Եվրոպան ռուսական նավթի ամենախոշոր գնորդն է։ Անցած տարի Եվրոպային բաժին է ընկել ռուսական վառելիքի արտահանման կեսը: Չինաստանի մասնաբաժինը, օրինակ, կազմում է 31%, Հնդկաստանինը ՝ 1%։

Ըստ Bloomberg-ի` էմբարգոյի պատճառով Ռուսաստանը տարեկան կկորցնի 22 միլիարդ դոլար, մյուս կողմից` կշարունակի տարեկան 6 մլրդ դոլար եկամուտ ստանալ նավթի արտահանումներից Հունգարիա, Չեխիա և Սլովակիա։

Քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգերտը կարծում է, որ ԵՄ պատժամիջոցների ազդեցությունն ակնհայտ կլինի տարիներ անց. «Ինձ թվում է, որ այս իրավիճակում պատժամիջոցներն իսկապես երկարաժամկետ են ընդունվում։ Գաղափարն այն է, որ Ռուսաստանի տնտեսական և սոցիալական իրավիճակը վաղ թե ուշ կստիպի ռուսական վարչակարգին փոխել իր մոտեցումները, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և բանակցություններ սկսել Կիևի հետ»։

Տնտեսագետները փաստում են, որ առաջիկա ամիսներին, գուցե տարիներին ռուսական տնտեսությունը պատժամիջոցներից շատ չի տուժի, քանի որ շուկայում նավթի ու գազի գները այժմ շատ բարձր են։ Բացի այդ, Ռուսաստանն ունի պահուստային գումարներ ոչ միայն բնակչության առջև սոցիալական պարտավորությունները կատարելու, այլ նաև ուկրաինական պատերազմը ֆինանսավորելու համար։ Նույն այդ հաշվարկները փաստում են, որ այս տարին Ռուսաստանը կփակի առանց լուրջ տնտեսական ճգնաժամի։

Հիմնական խնդիրները, ըստ կանխատեսումների, կսկսվեն եկող տարի, երբ կորցնելով եվրոպական շուկայի գերակշիռ մասը` Ռուսաստանը ստիպված կլինի նոր շուկաներ փնտրել։ Ընտրությունը մեծ չէ` Չինաստանն ու Հնդկաստանը. Չինաստանը, սակայն, եկամտաբեր գործընկեր չէ, քանի որ ռուսական գազն ու նավթը գնում է եվրոպական երկրներից մի քանի անգամ ցածր գնով։

Այդուամենայնիվ, փորձագետները պնդում են՝ Պուտինը դեռ բավականին ռեսուրսներ ունի թե՛ պատերազմը շարունակելու, թե՛ իր իշխանությունը պահելու համար։

Հայտնի վերլուծաբան Ալֆրեդ Կոխի կարծիքով` Պուտինը մտադիր է պատերազմել այնքան, քանի դեռ չեն սկսել խոսել նրա հետ իր պատկերացմամբ Ռուսաստանի համար հարմար պայմաններով խաղաղության մասին։

«Սա է Պուտինի հաշվարկը՝ նա կմնա այս սահմաններին, արդեն գրավված տարածքներում և կկանգնի մեկ, երկու և երեք տարի։ Եվ երբ բոլորը կհոգնեն այս իրավիճակից, նրա հետ խաղաղություն կկնքեն։ Այդ ընթացքում նա իր թիկունքից հրթիռներ կարձակի ուկրաինական քաղաքների` Օդեսայի, Լվովի, Կիևի ուղղությամբ։ Դրա համար նրան գերճշգրիտ հրթիռներ պետք չեն։ Իսկ նրա արդյունաբերությունը կարող է արտադրել ցածր ճշգրտության հրթիռներ անսահմանափակ քանակությամբ»,- կարծում է նա։

Փորձագետների համոզմամբ` գոնե այսօր արևմտյան պատժամիջոցներով Պուտինին կանգնեցնել չի հաջողվի։ Մյուս կողմից` դժվար է ակնկալել, որ առաջիկայում ուկրաինական բանակը լայնածավալ հակագրոհ կսկսի, քանի որ դեռ չունի անհրաժեշտ ռեսուրս։ Այսօր տպավորություն է, որ Պուտինը պատրաստ է երկար պատերազմել, իսկ ռուսական հասարակության մեծ մասը պատրաստ է գնալ իր նախագահի հետևից։ Կոխը պնդում է՝ չնայած դժգոհները քիչ չեն, նույնիսկ՝ էլիտայում, բայց նրանք դեռ չունեն բավարար ուժ՝ իշխանափոխության և Պուտինին հեռացնելու համար։

Մոսկվան հայտարարում է, թե պատրաստ է դիմակայել եվրոպական պատժամիջոցների նոր փաթեթին
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG