Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Պուտինը քննարկել են բրյուսելյան հանդիպումը, հայ-ադրբեջանական գործընթացը, իրադրությունը սահմանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։

Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առիթով։

Ըստ Հայաստանի կառավարության, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:

Պուտինը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունն էլ նշում է․ - «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքին նվիրված քննարկման ժամանակ կողմերը ընդգծել են տարածաշրջանային կայունությանն ուղղված աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառույցների զարգացման կարևորությունը»։

Ըստ հաղորդագրությունների, հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը Պուտինին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարչապետը «մտահոգություն է հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով»:

«ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը», - ասված է ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում: Կրեմլն այդ մասին որևէ բան չի հաղորդում:

Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։

Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են մայիսի 24-ին, Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։ Հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, քննարկել հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը նաև պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Պուտինն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին, մասնավորապես՝ նշելով, որ կշարունակեն համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանի վարչապետին ծննդյան 47-ամյակի առթիվ շնորհավորել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրեների ղեկավարներ։

XS
SM
MD
LG