«Ազատություն». - Թուրքիայից և Հայաստանից հայտարարություններ են հնչում, թե կողմերը պետք է վստահության բարձրացմանը միտված քայլեր անեն: Ինչ եք կարծում, ի՞նչ քայլեր են պետք: Տարիներ շարունակ իրարից հեռացած ու թշնամացած երկու ժողովուրդները ինչպե՞ս կարող են կրկին իրար մոտենալ:
Չեթին. - Նախ և առաջ պետք է վերացնել խոսքի ազատությունը սահմանափակող բոլոր արգելքները: Պետք է հնարավորություն ստեղծել, որպեսզի պատմության մասին խոսվի առանց սահմանափակումների: Ինչ էլ լինի, մենք պետք է կարողանանք այդ հարցերի մասին խոսել, ազատորեն քննարկել: Չնայած արդեն 107 տարի է անցել, հասարակությունը միայն տատերից ու պապերից գիտի, թե հայերի հետ ինչ է տեղի ունեցել: Երբ կողք-կողքի նստենք և իրար պատմությունները լսենք, այդ ժամանակ կհաջողենք: Պետք է արգելքները վերացնել, որպեսզի երկու ժողովուրդներն ու հասարակությունները ազատորեն երկխոսեն: Այդ հարցը միայն պատմաբաններին չենք կարող թողնել, քանի որ 1915 թվականին եղածը միայն պատմական խնդիր չէ: Հաջորդիվ պետք է սահմանը բացել, պետք է մարդկանց շփվելու հնարավորություն տալ: Վստահ եմ, եթե սահմանը բացվի, երկխոսության մթնոլորտ կձևավորվի: Մի հանգամանք էլ կա, պատմության հարցում պետք է զերծ մնալ նախապաշարմունքներից: Թուրքիայում եթե կանգնես ու հայտարարես, թե իմ պապերը ցեղասպան չեն, ու նրանց ձեռքերը արյունոտ չեն, արդեն փակվում է երկխոսության դուռը: Դրա համար էլ պետք է նստել և խոսել առանց նախապաշարմունքների: Մենք ուզում ենք այս թեմայով խոսել՝ որպես փաստաբաններ, գրողներ, որպես այս հասարակության կանայք, կարող ենք խոսել ու պետք է խոսենք:
«Ազատություն». - Դուք եկաք իմ հաջորդ հարցին: Հաշտեցման գործընթացում ի՞նչ դեր ունի ժողովուրդների երկխոսությունն ու քաղհասարակությունը:
Չեթին. - Ես շատ եմ կարևորում հասարակության դերը: Պետությունները ինչ համաձայնություն էլ ուզում են կայացնեն, այն չի կարող երկար կյանք ունենալ, եթե ժողովուրդը չընդունի դա։ Կոպիտ օրինակ բերեմ: Եթե երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան չպարտվեր, Նյուրնբերգյան դատավարություն չէր լինի և Գերմանիան չէր առերեսվի իր պատմությանը: Բայց եթե նայենք երկրորդ աշխարհամարտին հաջորդող տարիներին, դատավարության ժամանակաշրջանին, կտեսնենք, որ գերմանական հասարակությունը դեռ ընդդիմանում էր: Եվ միայն ժամանակի ընթացքում հասարակությունը առանց նախապայմանների առերեսվեց նացիստական շրջանի իրողություններին: Սակայն հետպատերազմյան առաջին տարիների իրականությունը շատ նման է այսօրվա Թուրքիայի վիճակին: Գերմանացիներն էլ էին ասում, թե իրենց հայրերն ու պապերը ընդունակ չեն նման վատ արարքների: Կարծում եմ, որ ժողովրդի ու քաղհասարակության կողմից անընդունելի ցանկացած քաղաքականություն չի կարող մնայուն լինել, այդ պատճառով պետք է բոլորս միասին աջակցենք քաղհասարակությանը:
«Ազատություն». - Դուք անձամբ ինչ եք ակնկալում այս գործընթացից, հավատու՞մ եք հաջողությանը:
Չեթին. - Ես ինքս պետություններին չեմ վստահում ու կողմ չեմ պետական քաղաքականությանը: Ոչ մի պետություն սեփական կամքով իր պատմության հետ չի առերեսվել։ Աշխարհում նման օրինակներ կարելի է տեսնել: Այդ պատճառով, իհարկե, շատ կարևորում եմ ոչ պետական՝ հասարակական շրջանակների ու կազմակերպությունների մոտեցումը այս հարցին: Շատ պատճառներ կան հույսով լցվելու համար: Հիմա ես Հայաստանում եմ Հրանտ Դինքին նվիրված ցուցահանդեսի առիթով, Ստամբուլի նրան նվիրված «23,5» կոչվող հիշողության վայրի մի մասը այստեղ ենք ներկայացրել: Շատ կարևորում եմ, որ ցանկացած պարագայում, քաղհասարակությունը միասին աշխատի ու շարունակի երկխոսել: Թուրքիայում այս ողջ բացասական մթնոլորտի մեջ հույսի շողեր էլ կան: Օրինակ, կրթված երիտասարդությունը, որոնց հետ շփվում եմ, հարցեր է բարձրացնում ու քննական միտք ունի։ Թուրքիայում շատ կարևոր տեղ ունի նաև կանանց շարժումը, կանայք ազգայնական չեն, նրանք պայքարում են ինչպես գենդերային հավասարության, այնպես էլ խտրականության դեմ: Շատ գիտնականներ կորցրել են աշխատանքը, բայց շարունակում են կարևոր գործեր անել: Քրդերի, ալևիների վրա մեծ ճնշում կա, սակայն նրանք դեռ շարունակում են իրենց դիմադրությունը Այնպես որ շատ պատճառներ ունենք չհուսալքվելու համար:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.