Մատչելիության հղումներ

«Ձեռնաշղթաները մեր ձեռքերին, գցած գետնին, ոստիկաններից անցնում-դառնում, խփում էին». ակցիայի մասնակից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության ակցիաներին մասնակցող Արթուր Ազիզյանն ասում է՝ կառավարության երրորդ մասնաշենքի ներսում ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել։ Պատմում է, որ հետո իրեն տարել են ոստիկանություն, ինքը բժշկական օգնություն է խնդրել, կես ժամ անց միայն, ըստ նրա, տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկի տեղեկացմամբ՝ ունի կողերի կոտրվածք, կապտուկներ, հարվածներ է ստացել նաև գլխի շրջանում։

«Տարել են, գցել գետնին ու սկսել ծեծել» , - նշեց Արթուր Ազիզյանը` շարունակելով. «Ոչ մի բան մենք չենք արել, կանդալած ձեռնաշղթաները մեր ձեռքերին, գցած գետնին, ոստիկաններից շատերն անցնում-դառնում, խփում էին»:

Ընդդիմությունն այսօր իր բողոքի ակցիան կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ անցկացրեց, որտեղ ոստիկանական մեծաթիվ ուժեր կային։ Օրվա ընթացքում երկու անգամ բախում տեղի ունեցավ։ Ոստիկանները թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորներին ներս մտնել կառավարության շենք, ուժի գործադրմամբ քաղաքացիներին բերման ենթարկեցին, հրմշտոցի ընթացքում մի քանիսի ինքնազգացողությունը վատացավ:

Ոստիկաններն ուժ գործադրեցին նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:

Պատգամավորներն այսօր պատրաստվում էին կառավարության 3-րդ մասնաշենք մտնել ու հարց ուղղել նախարարներին՝ «կո՞ղմ են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»։

«Հետևյալ հարցի վերաբերյալ պետք է Հայաստանում գտնվող յուրաքանչյուր պաշտոնյա հայտնի հստակ դիրքորոշում։ Հայաստանը աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանի Հանրախետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ, ՀՀ-ի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերը դուրս բերման նախապայմանով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ոստիկանությունից տեղեկացնում են՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով կան 100-ից ավելի բերման ենթարկվածներ, հայտնում են նաև, որ 3 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց։ Թե ևս քանի ցուցարար է վնասվածք ստացել, առայժմ պարզ չէ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա 4 օրերի ընթացքում այցելելու են պետական տարբեր հաստատություններ՝ լսելու աշխատակիցների, պաշտոնյաների դիրքորոշումները Արցախի հարցում։ Վարչապետի հրաժարականի պահանջով արդեն մեկ ամիս փողոցային պայքար սկսած ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Իշխանությունից չեն ընդունում այս մեղադրանքները, նաև հայտարարում, որ վարչապետի հրաժարականի հարց ընդհանրապես չի քննարկվում։

XS
SM
MD
LG