Մատչելիության հղումներ

Դոդոնն առայժմ մեկ ամսով կազատազրկվի տանը


Մոլդովա - Ոստիկաններն ուղեկցում են նախկին նախագահ Իգոր Դոդոնին, Քիշնև, 25-ը մայիսի, 2022թ.
Մոլդովա - Ոստիկաններն ուղեկցում են նախկին նախագահ Իգոր Դոդոնին, Քիշնև, 25-ը մայիսի, 2022թ.

Քիշնևի դատարանը Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնի համար 30-օրյա տնային կալանք սահմանեց՝ մերժելով նրան ճաղերի ետև ուղարկելու դատախազության պահանջը։

Կրեմլի հավատարիմ դաշնակցին պետական դավաճանության մեջ մեղադրող Մոլդովայի գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը և հասնել նախկին նախագահի խափանման միջոց բանտային կալանքին։

Բազմահատոր քրեական գործի շրջանակում, որը ստացել է «փաթեթի գործ» անվանումը, Դոդոնին մեղադրանք է առաջադրվել չորս հոդվածներով՝ պետական դավաճանություն, կոռուպցիա, հանցավոր կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում, ապօրինի հարստացում։ Քրեական գործի հիմքում 2019 թվականին գաղտնի նկարահանված տեսանյութն է, որի համաձայն՝ Մոլդովայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը Դոդոնին է փորձում հանձնել փաթեթ, որում ենթադրաբար փող է։ Նախկին նախագահն իրեն առաջարկվող փաթեթը չի վերցնում, փոխարենը խնդրում է այն փոխանցել ոմն «Կոստյայի»։ Մոլդովական լրատվամիջոցների համաձայն՝ Կոստյան Պլախոտնյուկի կուսակիցն է, որն էլ, իր հերթին, այդ փաթեթը պետք է փոխանցեր Դոդոնի ենթականերից մեկին։ Մեծահարուստ քաղաքական առաջնորդի և նախագահի զրույցից պարզ է դառնում, որ գումարը նախատեսված է Դոդոնի գլխավորած Սոցիալիստների կուսակցության ֆինանսավորման համար։

Պլախոտնյուկը համարվում է մոլդովական քաղաքականության «գորշ կարդինալը», վերջին տարիներին հետախուզման մեջ է՝ որպես մեղադրյալ ներգրավված է ֆինանսական մեքենայությունների քրեական գործում: Մոլդովայի դատախազությունը պնդում է, որ հենց Պլախոտնյուկն էր 2014 թվականին կազմակերպել երկրի խոշորագույն երեք բանկերի սնանկացումը` դրանց հաճախորդների հաշվեհամարներին գտնվող մեկ միլիարդ դոլարը փոխանցելով օֆշորային գոտիներ:

Մոլդովական աղբյուրների համաձայն` տեսագրությունն արվել է մի ժամանակահատվածում, երբ Դոդոնը սուր կոնֆլիկտի մեջ էր կառավարման լծակների մեծ մասն իր ձեռքում կենտրոնացրած, սակայն որևէ պետական պաշտոն չզբաղեցնող Պլախոտնյուկի և նրա հովանավորությունը վայելող Դեմոկրատական կուսակցության հետ:

Տարիներ առաջ, սկանդալային տեսանյութի հրապարակվելուց հետո պատասխանելով հարցին, թե արդյոք տարօրինակ չէ, որ քաղաքական հակամարտության թեժ պահին ինքը հանդիպում էր իր թիվ մեկ հակառակորդի հետ, Դոդոնը հայտարարում էր, թե այդ քայլով ցանկանում էր հաշտության պատրանք ստեղծել և ժամանակ շահել:

Այսօր Մոլդովայի նախկին առաջնորդը կտրականապես հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և պնդում, թե իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում անձամբ նախագահի պատվերով: Այդ մասին նա հայտարարել է նախօրեին դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողների հետ զրույցում․ - «Այս գործը ես համարում եմ քաղաքական՝ հարուցված տիկին Մայա Սանդուի ցուցումով, ով 2020 թվականի դեկտեմբերին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ հունվարի սկզբին, գլխավոր դատախազից պահանջեց իմ դեմ քրեական գործ հարուցել և ինձ բանտ նստեցնել։ Իմ գործում ներգրավված են 53 դատախազներ և սպաներ, անկախության ավելի քան 30 տարիների ընթացքում Մոլդովայի Հանրապետությունում որևէ քաղաքական գործիչ նման քաղաքական հետապնդման չի ենթարկվել», - ասել է Դոդոնը:

Պաշտոնաթողությունից հետո Մոլդովայի ընդդիմադիր քաղաքական ուժն առաջնորդող Դոդոնը հավաստիացնում է՝ երկրից հեռանալու նպատակ չունի, պատրաստ է դիմակայել բոլոր ճնշումներին, պայքարել և հաղթել։

Իսկ որ հաղթելու է, նախկին նախագահը, ինչպես հայտարարել է, դրանում կասկած չունի։

Ռուսամետ հայացքներով հայտնի Իգոր Դոդոնը Եվրամիություն ձգտող Մոլդովան ղեկավարել է չորս տարի՝ 2016 -2020 թվականներին։ Նրա կառավարման տարիները նշանավորվել են Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ, նախագահի պաշտոնում նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլն ու Ռուսաստանի կառավարությունն արդեն արձագանքել են դաշնակցի շուրջ իրավական գործընթացներին՝ նախազգուշացնելով, որ ուշադիր հետևում են Դոդոնի գործին և նրա իրավունքների պաշտպանությանը։

Պաշտոնական Քիշնևը հերքում է Դոդոնի դեմ քաղաքական հետապնդման մասին պնդումները։ Արտգործնախարար Նիկու Պոպեսկուն «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքները պետք է դիտարկել կոռուպցիայի դեմ Մոլդովայի պայքարով և այն չկապել «աշխարհքաղաքական իրադարձությունների հետ»։

Դոդոնն առայժմ մեկ ամսով կազատազրկվի տանը
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG