Մատչելիության հղումներ

Պատերազմի զոհերի ու անհետ կորածների հարազատները պահանջում են չեղարկել դատական նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը


Ֆրանսիայի հրապարակն արդեն 26-րդ օրը փակ պահող ընդդիմադիրներն այսօր երթով շարժվեցին դեպի Բարձրագույն դատական խորհրդի շենք՝ միանալով զոհված զինծառայողների ծնողներին։ 44-օրյա պատերազմի զոհերի ու անհետ կորածների մի խումբ հարազատներ պահանջում էին, որ պատերազմին առնչվող դատական նիստերը դռնփակ անցկացնելու երեկվա որոշումը չեղարկվի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դեռ նախորդ տարի հունիսին բողոք են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանություն է կատարել, ու պահանջել, որ այդ հոդվածով քրեական գործ հարուցվի։ Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախկին ՀՔԾ, որպեսզի պետական գաղտնիքի հրապարակման մեջ մեղադրվող, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներով քննվի։

Դիմումը ներկայացրած ընդդիմադիր պատգամավորն ու փաստաբանը, սակայն, դեմ են եղել դատախազության այս որոշմանը, նրանք պահանջել են, որ Նիկոլ Փաշինյանի նկատամբ առանձին քրեական գործ հարուցվի։ Դրանից հետո դիմել են առաջին ատյանի դատարան, որ դատախազության անգործությունը քննվի։ Առաջին ատյանի դատարանն այս բողոքը մերժել է։ Երեկ էլ Վերաքննիչ դատարանում հենց այս՝ մերժման որոշումն էր քննվում։ Նիստը, սակայն, ընդհատվել էր։

Դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարել էր, որ զոհվածների հարազատներից մեկը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը։ Հենց այս միջադեպից հետո է դատարանը որոշել նիստը դռնփակ անցկացնել։ «5165» շարժման առաջնորդ, պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասաց՝ թող միայն կարգը խախտողներին դուրս հրավիրեին։

«40 ծնող նստած, ասենք` մի քանի ծնող վրդովվում, բորբոքվում է. դա դատավարական կարգ է, հեռացնում են ընդամենը խանգարողներին: Ո՞ր կարգով հեռացրին բոլորին: Սա է խնդիրը», - նշեց նա:

Զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու լսի իրենց բողոքը։ Նա չիջավ: Մի քանի փորձից հետո 30 ծնող ի վերջո վերև բարձրացավ։ Ժամեր անց ԲԴԽ-ն տարածեց այդ հանդիպման տեսագրությունը, որտեղ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը դիմելով ծնողներին ասում է, որ նրանք այս գործով կարգավիճակ չունեն, քանի որ քրեական գործ չկա հարուցված։ Իսկ նիստերը դռնբաց անցկացնելու միջնորդությունը պետք է ոչ թե զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները, այլ բողոքի հեղինակները ներկայացնեն։

Դահլիճից հարց հնչեց՝ բայց կընդունվի՞ այդ միջնորդությունը:

«Այսքանն ասում եմ, ինձ թվում է` դու արդեն ճիշտ հետևություններ անես, որ բարձրացրեք այս հարցը, դատարանը կքննի, բայց մի շատ կարևոր բան կա` դուք պիտի ապահովեք, որպեսզի այդ նիստերի դահլիճում կարգուկանոն լինի», - ասաց Ջհանգիրյանը:

Դրսում սպասող ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց՝ միջնորդություն կա՝ ինքը` որպես բողոքի հեղինակ, դեռ երեկ է ներկայացրել այն, բայց կրկին կանի։

Ծնողներին ընդունելիս ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատարն ասաց. «Որոշ քաղաքական ուժեր ձեր ցավը, ձեր վիշտն օգտագործում են իրենց կարիքների համար, իսկ ես չեմ ուզում, որ ձեր վիշտը, ցավը գործիք դառնա ուրիշի ձեռքում»:

Ծնողների արձագանքը չուշացավ. «...որևէ մեկի մտքով չանցնի, որ որևէ քաղաքական ուժ մեզ կարող է... ի վերջո մեզ համար քաղաքական ուժերի մեջ չկա որևէ տարբերություն: Իրականում բոլորը, կներեք, մեզ համար նախկիններ են: Մենք այստեղ եկել ենք ընդամենը մեր արդար պահանջը ներկայացնելու»:

Հանդիպման ավարտին Կարին Տոնոյանն ասաց՝ եթե դատական նիստերը դռնբաց անցկացնելու իրենց պահանջը չընդունվի, երկուշաբթի նորից կգան ԲԴԽ։

XS
SM
MD
LG