Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ու երեք բարձրաստիճան սպաների քրգործն ուղարկվել է դատարան


Անդրանիկ Մակարյան, արխիվ
Անդրանիկ Մակարյան, արխիվ

ԶՈւ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական անփութություն դրսևորելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի վարչությունում քննված քրեական գործով ձեռք են բերվել ռազմական դրության ժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ բավարար ապացույցներ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում», երեք սպաներին՝ զորամասի հրամանատար, զորամասի շտաբի պետ, զորամասի համալրման բաժանմունքի պետ, հանցակցության և այլ հոդվածներով: Քրեական գործն ուղարկվել է Սյունիք մարզի դատարան։

Դատախազության փոխանցմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ա․Մ-ն (Անդրանիկ Մակարյանն), ով 44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության հարավային ուղղության զորախմբի հրամանատարն էր, 2020-ի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08-ի սահմաններում, տեղեկություն ստանալով զորամասի հրամանատար Ա.Ա.-ի խմբի՝ Կովսական քաղաքի սկզբնամասում շրջափակման մեջ հայտնվելու մասին, որպես հրամանատար և մարտական խնդրի կատարման անմիջական պատասխանատու, չի կազմակերպել դեպքի կազմով հետախուզական դարանակալում, որը հնարավորություն կտար հայտնաբերել հակառակորդի շարժման հավանական ուղիները և դիպուկ կրակով ոչնչացնել դիվերսիոն-հետախուզական խմբին։

Ըստ դատախազության, հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «նահանջ» հրաման, արդյունքում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Իր հերթին, ինչպես դատախազությունն է նշում, Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատար Ա.Ա.-ն, ռազմական դրության պայմաններում, չի կատարել վերադասի կողմից տրված հանձնարարականը, որի հետևանքով ուղեկցողները ճիշտ չեն ընկալել անձնակազմին նախանշված վայր հասցնելու խնդիրը, և 2020-ի հոկտեմբերի 21-ին նրանցից մեկը Ա.Ա.-ի ղեկավարած խմբին նախատեսված վայր ուղեկցելու փոխարեն ուղեկցել է մինչև Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ, հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի՝ կրելով վերոնշյալ կորուստները:

Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն գնահատելով որպես բացարձակ անհեթեթ և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող:

Մակարյանն այն սակավաթիվ բարձրաստիճան զինվորականներից էր, որ հրաժարվել էր միանալ այն ժամանակ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ մի շարք զինվորականների՝ հայտնի հայտարարությանը, որը պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG