Մատչելիության հղումներ

«Ցանկացած շփում Ադրբեջանի ղեկավարի հետ պետք է համարել առաջընթաց». իշխանական պատգամավոր


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններից առաջ։ Բրյուսել, 22-ը մայիսի, 2022։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններից առաջ։ Բրյուսել, 22-ը մայիսի, 2022։

«Քաղաքացիական պայմանագրից» Վիգեն Խաչատրյանը Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը առաջընթաց է համարում։

Հանդիպման փաստն արդեն իսկ ձեռքբերում է, ասում է իշխանական պատգամավորը. - «Ցանկացած շփում Ադրբեջանի ղեկավարի հետ պետք է համարել առաջընթաց»։

«Փաշինյանի հերթական զիջողական հանդիպումն էր», - հակադարձում է ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը. - «Բա Նիկոլ Փաշինյանը ո՞նց ա գնում բանակցում մեկի հետ, որը օկուպացրել է Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքը»։

Բրյուսելում երկու երկրների ղեկավարները երեկ քննարկել էին նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ արդեն պայմանավորվել են ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև՝ Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով: Քննարկել են նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Թե ինչ սկզբունքների մասին են խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Եվրոպայի խորհրդի ղեկավարը չի մանրամասնել։ Հայաստանի կառավարությունում էլ դեռ լուռ են։

Ի՞նչ սկզբունքների շուրջ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիեւը։ Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով տարանցում» ձևակերպումը, Հայաստանի ո՞ր հատվածների մասին է խոսքը։ «Ազատության» այս և այլ հարցերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից դեռ չեն պատասխանել։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Կառավարությունից թեև դեռ փակագծեր չեն բացել, բայց իշխանության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ ճանապարհների ապաշրջափակման սկզբունքն այն է, ինչի մասին Փաշինյանն ավելի վաղ խոսել է։ Հայաստանով անցող ճանապարհը պետք է վերահսկի հայկական կողմը. - «Տարանցման հետ կապված վարչապետը բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության համար միջանցքային տրամաբանությունը անընդունելի է։ Մենք կողմ ենք, որ մեր ճանապարհներից ազատ օգտվեն, բայց Հայաստանի սուվերեն իրավունքները ճանապարհի վրա պիտի պահպանվեն։ Ես գիտեմ, Հայաստանի դիրքորոշումը հետևյալն ա, որ չի կարա լինի Հայաստանի սուվերեն իրավունքների որևէ սահմանափակում էդ ճանապարհի վրա»։

Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Շարմազանովը սկզբունքների մասին չի էլ ուզում խոսել։ Հարցնում է՝ ինչպե՞ս կարելի է ճանապարհները բացելու հարցին ու սկզբունքերին հասնել, երբ ադրբեջանական զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից չի հեռացել, երբ Բաքուն չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին. - «Մինչև Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ամրագրված չլինի, մինչև Նիկոլը չխոսի, որ Շուշին և Հադրութը օկուպացված են, մինչև չխոսվի և չպարտադրվի Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերել իր զորքերը, մինչև գերիների խնդիրը չլուծվի, ի՞նչ ապաշրջափակում»։

Աանդրադառնալով Արցախին՝ Շառլ Միշելը միայն իր սեփական տեսակետն է փոխանցել՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի։

Մինչ Հայաստանի կառավարությունը լուռ է, Ստեփանակերտից արձագանքել են Փաշինյան-Ալիև բանակցություններին՝ վերահաստատելով, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է, «Արցախպրեսին» ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

Ի դեպ, բրյուսելյան բանակցություններից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր սահմանազատման հանձնաժողովի ձևավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանն առնչվող հարցերը քննարկել իր ռուս գործընկեր Սերգել Լավրովի հետ։

XS
SM
MD
LG